6 մարտի 2023 - 12:54 AMT
Մարուքյան․ Այդպե՞ս է Ալիևն ուզում խոսել ԼՂ հայերի հետ

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Twitter-ի իր միկրոբլոգում, անդրադառնալով Ադրբեջանի դիվերսիոն հարձակմանն Արցախում, հետևյալ հարցն է բարձրացրել՝ այդպե՞ս է Ալիևն ուզում խոսել ԼՂ հայերի հետ։

«Ալիևը բազմիցս հայտարարել է, որ իրենք պատրաստ են խոսել ԼՂ հայերի հետ, բայց նրանց հետ, ովքեր այնտեղ են ծնվել։ Ադրբեջանական դիվերսիայի արդյունքում այսօր սպանված 3 ոստիկանները ծնվել և բնակվել են ԼՂ-ում, ընտանիքներ և երեխաներ ունեն։ Այդպե՞ս է Ալիևն ուզում խոսել ԼՂ հայերի հետ»,- նշել է նա։

Մարտի 5-ին` ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա, ինչի հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող՝ փոխգնդապետ՝ Արմեն Մայորի Բաբայանը, մայոր՝ Դավիթ Վալերիի Դանիելյանը, լեյտենանտ՝ Արարատ Թելմանի Գասպարյանը: Եվս մեկ ծառայող՝ լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանը, ստացել է հրազենային վիրավորում և գտնվում է հանրապետական բժշկական կենտրոնում՝ բժիշկների հսկողության տակ:

Արցախի Հանրապետության պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հայտարարել է, որ տարածքային կորուստներ չկան՝ նման լուրերը սուտ են։ Ադրբեջանը հայտնել է 2 զոհի մասին։