6 մարտի 2023 - 13:58 AMT
«Միասնական հայրենիք»․ Արցախը չի կարող հրաժարվել ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված ինքնապաշտպանության իրավունքից

ԱՀ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի առաջնորդած «Միասնական հայրենիք» կուսակցութունը հայտարարություն է տարածել Արցախում ադրբեջանական զինուժի իրականացրած ահաբեկչական գործողության վերաբերյալ՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող հրաժարվել ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված ինքնապաշտպանության անկապտելի իրավունքից։

Նշվում է, որ նման ագրեսիվ նախաձեռնություններով Ադրբեջանը կրկին փակուղի է մտցնում բանակցային գործընթացը՝ հրահրելով նոր ռազմական ագրեսիա, որի արդյունքներն այս անգամ աներկբայորեն չեն արտացոլելու ներկա իրողությունները։

«Տեղի ունեցած ահաբեկչական գործողությունից հետո պաշտոնական Բաքուն տեղեկատվական դաշտ է նետել նախապես ծրագրված հանցագործությունն իբր թե արդարացնող քարոզչական թեզեր՝ հայտարարելով իր իրական նպատակների մասին՝ ապառազմականացնել Լեռնային Ղարաբաղն ու լուծարել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը, հսկիչ-անցագրային վերահսկողություն սահմանել Բերձորի (Լաչինի) միջանցքի վրա, պարալիզացնել Լեռնային Ղարաբաղի ներքին կյանքը՝ իսպառ բացառելով ներքին տեղաշարժի այլընտրանքային հնարավորությունը։

Հաշվի առնելով վերոնշյալը՝ «Միասնական հայրենիք» կուսակցությունը հայտարարում է․

-Ադրբեջանի հերթական ահաբեկչական գործողությունը հակադարձ համեմատական է Լեռնային Ղարաբաղի բնակչությանն իր իսկ կողմից առաջարկվող համերաշխությանը։ «Ռեինտեգրացիայի» քողի ներքո Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ իրականացնում է պատերազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործություններով ուղեկցվող էթնիկ զտման քաղաքականություն։

-Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ շարունակաբար իրականացվող ահաբեկչական գործողությունների համապատկերում Լեռնային Ղարաբաղը չի կարող հրաժարվել ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված ինքնապաշտպանության անկապտելի իրավունքից, նույն է թե՝ իր ժողովրդին ադրբեջանական շարունակական և համակարգային ագրեսիայից պաշտպանելու պարտականությունից։

-Համաձայն 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ Ադրբեջանը երաշխավորում է Բերձորի (Լաչինի) միջանցքով երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների տեղաշարժի անվտանգությունը։ Նույն միջանցքը, որն ապահովում է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, անցել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողությանը։ Հետևապես՝ պաշտոնական Բաքվի անվստահության հասցեատերը Լեռնային Ղարաբաղը և նրա ժողովուրդը չէ։

-ԱՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողները զոհվել են այն տեղանքում, որը 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ և դրան հաջորդած պայմանավորվածությամբ ճանաչվել է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ ապհովող և Շուշի քաղաքը շրջանցող այլընտրանքային ճանապարհ։ Ուստի ադրբեջանական կողմի պահանջն առ այն, որ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի կապը պետք է ապահովվի բացառապես Ստեփանակերտ-Բերձոր (Լաչին) ճանապարհով, հիմնազուրկ է։ Մյուս կողմից՝ Ադրբեջանն այսպիսով հերքում է իր այն պնդումը, թե Բերձորի (Լաչինի) միջանցքը բաց է ազատ տեղաշարժի համար։ Եվ ի դեպ, Բերձորի (Լաչինի) միջանցքը համընկնում է այն տարածքային միավորներին, որոնք հայկական կողմից կամավոր հանձնվել են ռազմական գործողությունների ավարտից հետո՝ Հայաստանի ու Ռուսաստանի խնդրանքով և խաղաղության հաստատման ակնկալիքով։

44-օրյա պատերազմի արդյունքը, որն ադրբեջանական կողմը կորզել է միջազգային ահաբեկիչների ներգրավմամբ և Ռուսաստանի, Հայաստանի ու միջազգային հանրության վրա գործադրած ակնհայտ ճնշումներով, կարող է վիճարկվել ոչ միայն իրավական և հումանիտար հարթությունում, այլև՝ գետնի վրա՝ զենքի ուժով։ Արցախը, սակայն, կողմնակից է խաղաղ կարգավորման և առաջարկում է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լուծումը տալ փոխվստահության մթնոլորտում՝ Ստեփանակերտ-Բաքու կառուցողական երկխոսությամբ։ Այլապես՝ նման ագրեսիվ նախաձեռնություններով Ադրբեջանը կրկին փակուղի է մտցնում բանակցային գործընթացը՝ հրահրելով նոր ռազմական ագրեսիա, որի արդյունքներն այս անգամ աներկբայորեն չեն արտացոլելու ներկա իրողությունները։

Մարտի 5-ին ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա, ինչի հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող՝ փոխգնդապետ՝ Արմեն Մայորի Բաբայանը, մայոր՝ Դավիթ Վալերիի Դանիելյանը, լեյտենանտ՝ Արարատ Թելմանի Գասպարյանը: Եվս մեկ ծառայող՝ լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանը, ստացել է հրազենային վիրավորում և գտնվում է հանրապետական բժշկական կենտրոնում՝ բժիշկների հսկողության տակ:

Արցախի Հանրապետության պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հայտարարել է, որ տարածքային կորուստներ չկան՝ նման լուրերը սուտ են։ Ադրբեջանը հայտնել է 2 զոհի մասին։