6 մարտի 2023 - 15:32 AMT
Նախարար. Համաճարակի մասին խոսք չկա՝ ՀՀ բնակչության 95%-ը պատվաստված է կարմրուկի դեմ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ Հայաստանում կարմրուկի համաճարակի մասին խոսք չկա՝ բնակչության 95%-ը պատվաստված է այդ հիվանդության դեմ։

«Նման սցենարներ հորիզոնում չեն երևում, մենք ունենք փոքր բռնկում և պետք է ճիշտ ձևով զսպենք՝ թույլ չտալով դրա հետագա տարածումը», - ասել է նա, գրում է Panorama.am-ը։

Նախարարը նշել է, որ բնակչության 5%-ը պաշտպանված չէ այդ վարակից։ Նա հավելել է, որ ներկայում աշխատանքներ են իրականացնում պոլիկլինիկաների հետ՝ վերհանելու պատվաստումները բաց թողած բնակչության ցուցակները։ Ըստ նախարարի՝ նրանց հետ պետք է անհատապես աշխատանքներ տանեն, ևս պատվաստվեն, և կանխեն վարակի տարածումը՝ հատկապես ռիսկային խմբում գտնվողների համար։

«Իսկ ռիսկի խմբում են մինչև 1 տարեկան երեխաները, որոնց չեն կարող պատվաստել։ Հորդորում ենք ծնողներին պատվաստման տարիքի երեխաներին անպայման պատվաստեն, քանի որ դրանով պաշտպանում են իրենց քույր-եղբայրներին»,- ասել է Ավանեսյանը։

Նախարարը հիշեցրել է, որ Հայաստանում կարմրուկի վերջին բռնկումը եղել է 2006-2007 թվականներին, և հիմա երկիրն ունի բավական փորձ հիվանդության բռնկումը կանխարգելելու, զսպելու և լավ արդյունք ունենալու նաև բուժման ընթացքում։

«Կարմրուկը, ի տարբերություն կովիդի, վաղուց հայտնի հիվանդություն է։ Մենք բավական մեծ փորձ ունենք կարմրուկի բռնկումները կանխելու համար։ Հենց առաջին դեպքի հաստատումն ունենալուց հետո, իմ հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որտեղ ներգրավված են բոլոր մասնագետները տարբեր ոլորտներից։ Բացի դրանից, մենք ունեինք կովիդի ժամանակ ստեղծված միջազգային մասնագետների խումբ, որն այս ընթացքում մշտապես գործել է, և շարունակվելու է գործել։ Մասնագիտացված խումբն անում է բոլոր անհրաժեշտ քայլերը, հավաքագրում ենք օրվա ընթացքում անհրաժեշտ տեղեկատվութունը և նոր որոշումները համապատասխանեցնում ենք իրավիճակին»,- ընդգծել է Ավանեսյանը։

Հարցին, թե արդյոք սահմանափակումներ՝ հատկապես մարզերում չեն նախատեսվում, նախարարն ասել է, որ այս պահին սահմանափակող գործողությունների անհրաժեշտություն չկա։ Նա նշել է, որ կարմրուկով վարակվածների մեծ մասը Երևանից են։

Նրա խոսքով՝ այս պահին էլ դպրոցներում և մանկապարտեզներում գործում է ֆիլտրման մեխանիզմը, և բուժքույրերը, մինչև երեխաներին դպրոց ներս թողնելն, ընդհանուր հսկողություն են իրականացնում։

«Մենք արդեն իսկ տեղեկացրել ենք կրթության ոլորտի գործընկերներին՝ թարմացնելով ախտանշանների նկարագիրը։ Ավելացվել է ցանը՝ որպես ախտանշան, և նման այլ առանձնահատուկ նշաններ։ Այս պահին ավելի միջոցառումների կարիք չկա։ Մոնիթորինգի արդյունքում մենք կփոխենք մեր գործողությունները,։ Եթե կարիք լինի, ապա կդիտարկենք օրենքով նախատեսված բոլոր գործիքները»,- ընդգծել է Անահիտ Ավանեսյանը։

Հայաստանում կարմրուկի 20 հաստատված դեպք կա։ Հոսպիտալացված է 18 քաղաքացի, 1-ը դուրս է գրվել: Նրանց առողջական վիճակը գնահատում է միջին ծանրության: Հիվանդներից 19-ը պատվաստված չի, 1-ը թերի է պատվաստված (1 դեղաչափ):