ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն մտահոգված են ԼՂ-ում «մահացու միջադեպով»

ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն մտահոգված են ԼՂ-ում «մահացու միջադեպով»

PanARMENIAN.Net - Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան, անդրադառնալով Ադրբեջանի ԶՈւ կողմից ԼՂ-ում ոստիկանական մեքենայի գնդակոծմանը, մտահոգություն է հայտնել և նշել «բանակցությունների սեղանի շուրջ լուծումներ գտնելու հրատապությունը»։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։

«Չափազանց մտահոգված եմ Ստեփանակերտի շրջակայքում մահացու միջադեպի մասին հաղորդումներով: Այս միջադեպը ցույց է տալիս բանակցությունների սեղանի շուրջ չլուծված հարցերի համար լուծումներ գտնելու հրատապությունը։ ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը», ասվում է գրառման մեջ։

Մտահոգություն է հայտնել նաև Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության խոսնակ Պետեր Ստանոն:

«ԵՄ-ն ցավում է ղարաբաղյան շփման գծում բռնության բռնկման համար, որը հանգեցրել է առնվազն հինգ զոհի։ Այս մահացու դեպքի հանգամանքները պետք է մանրակրկիտ հետաքննվեն։ Կոչ ենք անում բոլոր շահագրգիռ կողմերին զսպվածություն ցուցաբերել՝ կանխելու համար հետագա գործողությունները, որոնք կարող են ավելի խաթարել տարածաշրջանային կայունությունը և սպառնալ խաղաղ գործընթացին», ասվում է հայտարարության մեջ:

Մարտի 5-ին ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա, ինչի հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող՝ փոխգնդապետ՝ Արմեն Մայորի Բաբայանը, մայոր՝ Դավիթ Վալերիի Դանիելյանը, լեյտենանտ՝ Արարատ Թելմանի Գասպարյանը: Եվս մեկ ծառայող՝ լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանը, ստացել է հրազենային վիրավորում և գտնվում է հանրապետական բժշկական կենտրոնում՝ բժիշկների հսկողության տակ:

Արցախի Հանրապետության պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հայտարարել է, որ տարածքային կորուստներ չկան՝ նման լուրերը սուտ են։ Ադրբեջանը հայտնել է 2 զոհի մասին։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---