7 մարտի 2023 - 12:30 AMT
ԱԳՆ-ն՝ դիվանագետներին․ Ադրբեջանը դարձել է միջազգային իրավունքի չարամիտ կարգազանց

Մարտի 6-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում փոխնախարար Վահե Գևորգյանը և Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին և միջազգային կառույցների ներկայացուցիչներին են ներկայացրել մարտի 5-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված դիվերսիոն հարձակման մանրամասները, որի հետևանքով զոհվել են ԼՂ ներքին գործերի նախարարության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության երեք ծառայող, մեկը վիրավորվել է:

Գևորգյանը շեշտել է, որ վերոնշյալ դիվերսիոն հարձակումը, որը հանդիսանում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հաստատված հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտում, եղել է նախապես ծրագրավորված Ադրբեջանի կողմից: Մասնակիցների ուշադրությանն է ներկայացվել ԼՂ իշխանությունների կողմից հրապարակած տեսանյութը, որն ապացուցում է Ադրբեջանի կողմից առաջ քաշված վարկածի անհիմն լինելը: Նա ընդգծել է նաև, որ դիվերսիոն գործողությունն իրականացվել է ոչ ռազմական թիրախի դեմ:

Օտարերկրյա դիվանագետների ուշադրությունը հրավիրվել է այն փաստին, որ արդեն երկու շաբաթից ավել է, ինչ Արդարադատության միջազգային դատարանի կողմից Լաչինի միջանցքի բացման առնչությամբ կայացված իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշումը կոպտորեն արհամարհվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Այն փաստը, որ այս ահաբեկչական գործողությունը տեղի է ունենում նաև այդ չկատարված վճռի պայմաններում, վկայում է, որ Ադրբեջանը դարձել է միջազգային իրավունքի չարամիտ կարգազանց:

Վահե Գևորգյանն ընդգծել է, որ Ադրբեջանը տարբեր առիթներով դիմում է ուժի կիրառման՝ ահաբեկելու և միակողմանի առավելապաշտ լուծումներ պարտադրելու նպատակով, և որ նման կրկնվող միջադեպերը վկայում են, որ միայն միջազգային հստակ մեխանիզմի գոյության և ներգրավվածության պայմաններում Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի միջև երկխոսությունը կարող է հաջողվել:

ՀՀ միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն իր հերթին հավելել է, որ Արդարադատության միջազգային դատարանի վճիռը պարտադրում է Ադրբեջանին ապահովել Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժը երկու ուղղությամբ, ինչպես նաև Լաչինի միջանցքում ապօրինի գործողությունների դադարեցումը և Լեռնային Ղարաբաղ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումների վերականգնումը:

Նշվել է, որ միայն միջազգային հանրության հասցեական գնահատականները, հստակ գործողությունները կարող են օգնել զսպելու Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը և աջակցելու տարածաշրջանում կայունության և երկարաժամկետ խաղաղության հաստատման ջանքերին:

Մարտի 5-ին ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա, ինչի հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող՝ փոխգնդապետ՝ Արմեն Մայորի Բաբայանը, մայոր՝ Դավիթ Վալերիի Դանիելյանը, լեյտենանտ՝ Արարատ Թելմանի Գասպարյանը: Եվս մեկ ծառայող՝ լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանը, ստացել է հրազենային վիրավորում և գտնվում է հանրապետական բժշկական կենտրոնում՝ բժիշկների հսկողության տակ:

Արցախի Հանրապետության պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հայտարարել է, որ տարածքային կորուստներ չկան՝ նման լուրերը սուտ են։ Ադրբեջանը հայտնել է 2 զոհի մասին։