Պետդեպի ներկայացուցիչ. ԼՂ հարցը պետք է լինի խաղաղ գործընթացի մաս

Պետդեպի ներկայացուցիչ. ԼՂ հարցը պետք է լինի խաղաղ գործընթացի մաս

PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Լուիս Բոնոն հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լինի խաղաղ գործընթացի մաս։ Այդ մասին նա ասել է «Ազատությանը» տված հարցազրույցում։

«Կարծում եմ, որ երկու կողմն էլ դա ճանաչել են: Բայց մենք այստեղ չենք որևէ համաձայնագրի կամ պայմանավորվածության շուրջ պայմաններ պարտադրելու համար: Կարևոր է, որ կողմերն իրենք համաձայնության գան: Իսկ մենք կաշխատենք երկու կողի հետ: Ադրբեջանի նախագահ Ալիևը Մյունխենում ասել է, որ ինչ-որ մեկին կնշանակի, որը կգործակցի Ղարաբաղի ներկայացուցիչների հետ: Կարծում եմ՝ դա արդեն տեղի է ունեցել անցած շաբաթ: Եվ ինձ հետ զրույցի ընթացքում նա նշեց, որ պատրաստ է շարունակել այդ քննարկումները: Այնպես որ, մենք լավատես ենք, որ կարող ենք կողմերի հետ աշխատել այդ ուղղությամբ: Բայց դա հեշտ չի լինելու: Այն բոլոր կողմերից կպահանջի շատ ծանր աշխատանք և հանձնառություն»,-ասել է նա։

Հարցին, թե պատրաստ է արդյոք ԱՄՆ-ն Բաքվի և Ստեփանակերտի երկխոսության միջնորդությունը ստանձնել՝ Բոնոն ասել է, որ այս գործընթացում իրենց դերը միջնորդությունը չէ:

«Մենք այստեղ չենք տեքստ պարտադրելու, կողմերից որևէ մեկի վզին պայմաններ փաթաթելու համար: Այն, ինչ մենք փորձում ենք անել, խաղաղությունը հեշտացնելն է: Նկատի ունեմ, որ մենք ուզում ենք՝ կողմերն իրենք մշակեն տեքստն ու պայմանները և միասին ընդունեն դրանք: Նրանք պետք է դրա վրա միասին աշխատեն, որովհետև ցանկացած երկարատև, կայուն և հավասարակշռված խաղաղություն պետք է կողմերից գա: Այն չի կարող գալ երրորդ՝ դրսի կողմից»,-ասել է նա։

Այն դիտարկմանը, որ վերջին մի քանի ամիսներին Երևանը պնդում է, որ ամենակարևոր խնդիրն է՝ հասցեագրել Ղարաբաղում ապրող հայերի անվտանգությունն ու իրավունքները, և արդյո՞ք դա ապահովելու համար Վաշինգտոնը դիտարկում է նման մեխանիզմի գործարկումը՝ Բոնոն ասել է, որ դա շատ կարևոր է։

«Կարծում ենք, որ սա շատ կարևոր է: Ես դա չեմ ժխտում: Կայուն, երկարատև և հավասարակշռված խաղաղության պայմանագիր ունենալու համար այն պետք է ներառի Լեռնային Ղարաբաղը: Եվ մենք հանձնառու ենք դա ավարտին հասցնել: Մենք գիտակցում ենք դրա կարևորությունը»,-ասել է նա։

Արձագանքելով որևէ մեխանիզմ նշելու խնդրանքին՝ Բոնոն ասել է, որ հիմա լիազորված չէ քննարկելու մեխանիզմը:

«Ես նոր եմ այս պաշտոնում, ընդամենը մի քանի շաբաթ: Սա իմ առաջին ուղևորությունն է տարածաշրջան: Եվ ես ներգրավված եմ Մյունխենից հետո կողմերի հետ իմ առաջին բանակցություններին»,-ասել է նա։

Նա անդրադարձել է նաև Ռուսաստանի հետ համագործակցության հնարավորությանը՝ նշելով, որ պատրաստ են աշխատել ցանկացած և բոլոր կողմերի հետ, որոնք հետամուտ են առաջ տանելու այս գործընթացը:

«Իրականում ես շփվել եմ Մինսկի խմբի իմ ռուս գործընկերոջ հետ: Որևէ մեկնաբանություն չեմ անելու: Մենք այստեղ ենք ոչ թե կողմերին քննադատելու կամ աշխարհաքաղաքական որևէ այլ խնդրի անդրադառնալու համար, այլ ես այստեղ եմ, որպեսզի օգնեմ և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին՝ գտնելու այս հակամարտության լուծումը: Մենք պետք է այս հակամարտությանը վերջ դնենք: Ահա թե ինչու եմ ես այստեղ»,-ասել է նա։

Այն հարցին, թե պատրա՞ստ է նաև հանդիպել ռուսաստանցի համանախագահ Խովաևի հետ՝ Բոնոն ասել է, որ պատրաստ է հանդիպել ցանկացած մեկի հետ, ով պատրաստ է աշխատել իր հետ, ԱՄՆ հետ՝ այս գործընթացը առաջ տանելու գործում:

«Ինչպես ասացի, այս տարածաշրջանում մենք ավելի լայն օրակարգ չունենք: Դա միայն խաղաղությունը խթանելն է: Այս հակամարտությունը շատ երկար տևեց: Շատ մարդիկ են տուժել: Շատ մարդիկ են զոհվել: Այն պետք է ավարտվի»,-ասել է նա։

Փետրվարի 18–ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Հանդիպմանը հանդիպմանը կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի աշխատանքների ընթացքը։ Օրակարգում են եղել նաև տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումն ու երկու երկրների միջև դելիմիտացիայի հարցերը։ Ըստ հայկական կողմի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է Հայաստանի նպատակամղվածությունը` հասնելու այնպիսի պայմանագրի ստորագրմանը, որն իսկապես կերաշխավորի տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղությունն ու կայունությունը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---