ՀՀ և Եգիպտոսի ԱԳ նախարարները տարածաշրջանային անվտանգության հարցեր են քննարկել

ՀՀ և Եգիպտոսի ԱԳ նախարարները տարածաշրջանային անվտանգության հարցեր են քննարկել

PanARMENIAN.Net - Արաբական պետությունների լիգայի խորհրդի նախարարական նիստին հրավիրված ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Կահիրեում հանդիպում է ունեցել Եգիպտոսի ԱԳ նախարար Սամեհ Շուքրիի հետ՝ անդրադարձել են միջազգային ու տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի:

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստանի և Եգիպտոսի ժողովուրդների դարավոր բարեկամության վրա հիմնված հարաբերությունների, բարձր մակարդակի քաղաքական երկխոսության կապակցությամբ: Երկուստեք համոզմունք է հայտնվել, որ հունվարին Եգիպտոսի նախագահի պատմական այցը Հայաստան նոր խթան կհանդիսանա երկկողմ համագործակցության ընդլայնման համար:

Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումները, տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելուն ուղղված հայկական կողմի ջանքերը և վերջին օրերին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից լարվածության սրումը: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Լաչինի միջանցքը՝ կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները:

Անդրադառնալով արաբական աշխարհի երկրների հետ Հայաստանի ավանդական բարեկամական հարաբերություններին՝ Միրզոյանն անթույլատրելի է համարել Ադրբեջանի կողմից կրոնական գործոնի շահարկումներն ու անհիմն փորձերը, որոնք նպատակ են հետապնդում կրոնական երանգ հաղորդել բացառապես քաղաքական ու հումանիտար խնդիրներին և մոլորեցնել միջազգային հանրությանը:

Երկուստեք ընդգծվել է տարածաշրջանի նկատմամբ միջազգային հանրության ուշադրության պահպանման և շահագրգիռ դերակատարների կառուցողական ներգրավվածության կարևորությունը:

Միրզոյանը եգիպտացի գործընկերոջն է ներկայացրել նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման ընթացքը:

Արարատ Միրզոյանը և Սամեհ Շուքրին մտքեր են փոխանակել առևտրատնտեսական, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության և այլ ոլորտներում երկու երկրների փոխգործակցության հեռանկարների շուրջ: Այս առումով կարևորվել է հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի հաջորդ՝ 6-րդ նիստի անցկացումը և գործարար կապերի ակտիվացման անհրաժեշտությունը:

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) խորհրդի նախարարական մակարդակով 159-րդ նիստում հայտարարել է, որ Ադրբեջանը շարունակաբար մանիպուլացնում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցերն ու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը միջազգային տարբեր հարթակներում՝ հատկապես այն կազմակերպություններում, որտեղ Հայաստանը ներկայացված չէ, ինչպիսիք են Իսլամական համագործակցության կազմակերպությունը և Չմիավորման շարժումը՝ փորձելով դրանց տալ կրոնական երանգ և օգտագործելով իսլամական համերաշխության զգայուն գաղափարախոսությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---