ՊԵԿ․ Վրաստանից կեղծ փաստաթղթերով որպես ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող բեռներ են ներմուծվել

ՊԵԿ․ Վրաստանից կեղծ փաստաթղթերով որպես ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող բեռներ են ներմուծվել

PanARMENIAN.Net - ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը բացահայտել է Վրաստանից ներմուծումները` որպես ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծումներ ձևակերպելու բազմաթիվ դեպքեր:

Մասնավորապես, ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցներն օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Հայաստանում գրանցված որոշ ընկերությունների կողմից 2020-2022թթ․ ԵԱՏՄ անդամ պետություններից ՀՀ ներմուծված ապրանքները փաստացի ձեռք են բերվել և ներմուծվել Վրաստանից:

Փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ շուրջ մեկ տասնյակի հասնող ընկերությունների իրական սեփականատիրոջ կողմից մշակվել և իրագործվել է հանցավոր սխեմա: Արդյունքում, ընկերությունները խուսափել են առանձնապես խոշոր չափերի հարկեր վճարելուց:

Նշվում է, որ մասնավորապես, տրանսպորտային միջոցը դատարկ վիճակում հատել է հայ-վրացական սահման, հետո՝ վրաց-ռուսական սահման, այնուհետև վերադարձել է ու նորից դատարկ վիճակում հատել ռուս-վրացական սահմանը: ՌԴ-ում կազմվել է ՌԴ ռեզիդենտից ապրանքների ձեռքբերման կեղծ հաշիվ-ապրանքագիր և տարանցիկ հայտարարագիր:

Տրանսպորտային միջոցն այդ հայտարարագրով հատել է ՌԴ «Վերին Լարսի» սահմանային անցակետը, սակայն Վրաստանի «Կազբեգի» սահմանային անցակետում չի ներկայացրել ՌԴ-ում կազմված կեղծ հաշիվ-ապրանքագիրը և տարանցիկ հայտարարագիրը ու փաստացի Վրաստան է մուտք գործել դատարկ վիճակում: Այնուհետև Վրաստանում ֆիզիկական անձանց ու տրանսպորտային միջոցների վարորդների անուններով ձեռք են բերվել ապրանքներ, որոնք բեռնվել են տրանսպորտային միջոց: Նշված ապրանքներով բեռնված տրանսպորտային միջոցը հատել է Վրաստանի «Սադախլո» սահմանային անցակետը ձևակերպվելով արտահանում Վրաստանից դեպի ՀՀ, սակայն հասնելով Հայաստանի «Բագրատաշենի» սահմանային անցակետ Հայաստանի մաքսային մարմնին ներկայացվել է ՌԴ-ում կազմված կեղծ հաշիվ-ապրանքագիրն ու տարանցիկ հայտարարագիրը:

Նախորոք իմանալով Վրաստանում ձեռք բերվող ապրանքների տեսականին և քանակները` ՌԴ-ում կազմված կեղծ հաշիվ-ապրանքագրում և տարանցիկ հայտարարագրում նշվել են ձեռքբերվող ապրանքների իրական տեսականին և քանակները, իսկ ապրանքների գները նշվել են մի քանի անգամ ցածր գնով:

Նկարագրված եղանակով mwt մեկ տասնյակի հասնող ընկերությունների կողմից 2020-2022թթ-ի ընթացքում 72 դեպքով փաստացի Վրաստանից Հայաստանի տարածք են ներմուծվել «Կինդեր ձվիկ» կոնֆետներ, մաստակներ, տնտեսական և այլ ապրանքներ, որոնք փաստաթղթերով ձևակերպվել են որպես ԵԱՏՄ անդամ ՌԴ-ից ներմուծումներ:

Միաժամանակ օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ մեկ տասնյակի հասնող ընկերությունների իրական սեփականատիրոջը պատկանող ընկերություններից մեկը նկարագրված սխեմայով պատրաստվում է Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել ապրանքներ: Բեռը ներմուծող տրանսպորտային միջոցը Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների օպերատիվ հսկողության ներքո մուտք է գործել «Բագրատաշենի» սահմանային անցակետ: Վարորդի մոտից հայտնաբերվել են ներմուծված ապրանքների արտահանման փաստաթղթերը և նամակ, որով ՌԴ ապրանք մատակարարողը հայտնել է, որ իբրև սխալմամբ է ապրանքն ուղարկել Հայաստանի Հանրապետություն և պահանջել բեռը հետ վերադարձնել: Սակայն ձեռնարկված միջոցառումների արդյունքում կանխվել է ներմուծված բեռի արտահանումը Ռուսաստան: փաստացի հետազոտմամբ պարզվել է նաև, որ ներմուծված ապրանքների մակնշումները թուրքերեն լեզվով են:

Կազմված նախնական հաշվարկով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս: Առերևույթ, հանցագործության դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ տրանսպորտային միջոցը տեղափոխվել է Երևան քաղաքում գտնվող մաքսային տերմինալ:

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը հորդորում է՝ փաստացի երրորդ երկրներից ներմուծումները չձևակերպել որպես ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծումներ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---