«Մենք ենք մեր սարերը» գործակալությունը մոտ 260 տ սննդամթերք կտրամադրի Արցախին

«Մենք ենք մեր սարերը» գործակալությունը մոտ 260 տ սննդամթերք կտրամադրի Արցախին

PanARMENIAN.Net - «Մենք ենք մեր սարերը» գործակալությունը մոտ 260 տոննա սննդամթերք կտրամադրի Արցախի պետական պահուստում ներառելու և սոցիալական խմբերին հատկացնելու համար:

«Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալությունը գործակցության հուշագրեր է ստորագրել Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության ու ԱՀ ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության հետ։

Հուշագրերի համաձայն՝ «Մենք ենք մեր սարերը» գործակալությունն ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությանն անհատույց կտրամադրի մոտ 80 տոննա սննդամթերք՝ բնակչության սոցիալական համապատասխան խմբերին հատկացնելու համար: Իսկ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը կտրամադրվի ավելի քան 180 տոննա սննդամթերք՝ ԱՀ պետական պահուստում ներառելու նպատակով:

Շրջափակման ընթացքում «Մենք ենք մեր սարերը» գործակալությունը նախաձեռնել և իր նվիրատուների միջոցներով և աջակցությամբ սկսել էր իրականացել «Արցախի պարենային պահուստի համալրում» ծրագիրը, որի նպատակը սննդարար, բայց միաժամանակ փոխադրման և պահպանման տեսանկյունից առավել նպատակահարմար ապրանքատեսակների ձեռքբերումն էր:

«Շրջափակումը ցույց տվեց, թե հատկապես ինչպիսի առաջնային սննդամթերքի կարիք ունենք: Մասնագետների հետ քննարկվեցին եւ ընտրվեցին այնպիսի ապրանքատեսակներ, որոնք կարող են բնակչության համար բալանսավորված սնունդ ապահովել եւ առավել հարմար են պահպանման տեսանկյունից: Կազմակերպվեց դրանց ձեռքբերումն ու փոխադրումը, եւ հիմա բեռների մեծ մասն արդեն հասցվել է Արցախ: Այս հուշագրերի նպատակն է ապրանքները փոխանցել համապատասխան գերատեսչություններին, որպեսզի նրանք իրականացնեն բաշխումն ու հետագա տնօրինումը»,- ասել է Գործակալության Արցախի նախագծերի ղեկավար Գրիգորի Մարտիրոսյանը:

Ավելի վաղ «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության՝ «Աջակցություն Արցախի էներգետիկ համակարգին» ծրագրի շրջանակում Ստեփանակերտի 700 ընտանիքի տրամադրվել էին փայտի վառարաններ, Ստեփանակերտի և շրջանների պոմպային ջրամատակարարման համակարգի համար ձեռք են բերվել և տեղադրվել են դիզելային գեներատորներ և էլեկտրական մարտկոցներ։

«Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալությունը նախաձեռնում և իրագործում է Արցախի և Սյունիքի զարգացման ծրագրեր՝ սերտորեն համագործակցելով ԱՀ և ՀՀ կառավարությունների, ինչպես նաև տեղական, միջազգային և մասնավոր այլ կազմակերպությունների հետ։ Գործակալության հիմնադիրը Ռուբեն Վարդանյանն է:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---