Վերականգնվող հիբրիդային էներգիայի արտադրության ծրագիր՝ Լոռիում

Վերականգնվող հիբրիդային էներգիայի արտադրության ծրագիր՝   Լոռիում

PanARMENIAN.Net - Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության շրջանակում նախատեսվում է նորարարական վերականգնվող հիբրիդային էներգիայի արտադրության ծրագիր իրականացնել Լոռու մարզի Փամբակ համայնքի Դեբետ գյուղի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կենտրոնի տարածքում։ ՀՀ ՏԿԵ նախարարության և «Սոլ Ժես Էներջի» ընկերության միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը «Սոլ Ժես Էներջի» ընկերության գործադիր տնօրեն Արմեն Սեդեֆյանի հետ հանդիպմանը կարևորել է նման նախաձեռնությունները, քանի որ ծրագիրն իր մեջ ներառում է նաև նորագույն հետազոտությունների և զարգացման ինստիտուտի ստեղծում:

Տերտերյանը շեշտել է, որ ՀՀ կառավարության նպատակն է բարձրացնել էներգետիկ անվտանգության մակարդակը՝ նվազեցնելով ածխածնի արտանետումների ծավալները՝ որպես երկրի կայուն զարգացման կենսական անհրաժեշտություն, և ձևավորել կանաչ տնտեսություն, այդ թվում՝ արդյունավետ և նորարարական էներգետիկ լուծումների մշակման միջոցով:

«Սոլ Ժես Էներջի» ընկերության գործադիր տնօրեն Արմեն Սեդեֆյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ այն ունի նորարարական լուծումների մշակման, ֆինանսավորման և կառավարման ոլորտում ճանաչված փորձ, այդ թվում՝ արևային և ջրածնային էներգետիկայի ոլորտում։

Սեդեֆյանը կարևորել է երկու երկրի միջև տնտեսական և առևտրային հարաբերություններն ամրապնդելու համար նման ծրագրերի իրականացումը, քանի որ Ֆրանսիան և Հայաստանը ներգրավված են տնտեսական գործակցության ամուր գործընթացում:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---