ՀՀ դպրոցներում կներդրվի Google Workspace for Education Fundamentals գործիքակազմը

ՀՀ դպրոցներում կներդրվի Google Workspace for Education Fundamentals գործիքակազմը

PanARMENIAN.Net - ՀՀ դպրոցներում կներդրվի Google Workspace for Education Fundamentals գործիքակազմը։ Համագործակցության հուշագիր է ստորագրվել ԿԳՄՍՆ, Էկոնոմիկայի և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների ու պրոֆեսիոնալ ծառայությունների համաշխարհային առաջատար, Google Cloud-ի գործընկեր՝ SADA-ի միջև։

Գործակցության հուշագիրը կնքվել է DigiTec տեխնոլոգիական համաժողովի շրջանակում, որն անցկացվում է մարտի 10-12-ը Երևանի Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

Հուշագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը և SADA-ի նախագահ, գործադիր տնօրեն Թոնի Սաֆոյանը։

Հուշագիրը կնքելիս կողմերն առաջնորդվել են ՀՀ հանրակրթական դպրոցներում կրթության մակարդակի բարելավման, կրթական որակի չափելիության համար անհրաժեշտ գործիքների ներդրման փոխադարձ ցանկությամբ։ Հուշագրի համաձայն՝ Հայաստանի պետական մարմինները և SADA-ն համատեղում են ջանքերը՝ Հայաստանի ամբողջ տարածքում կրթության հավասար հնարավորությունների, կրթական համակարգի թվայնացման զարգացման համար Google Workspace for Education Fundamentals ծառայությունների և գործիքակազմի ներդրման ուղղությամբ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը շնորհավորել և հաջողություն է մաղթել կողմերին՝ ընդգծելով կրթական բովանդակության հասանելիության կարևորությունը:

«Այս գործիքակազմի և համակարգի ներդրմամբ էապես առաջընթաց է ապրելու հասանելիությունը դեպի կրթական բովանդակություն, իսկ յուրաքանչյուր ժողովրդավար, լուսավորյալ և կիրթ հանրության կայացման գործում անվիճելի է հասանելի կրթությունը։ Վստահ եմ՝ այս գործիքակազմի ներդրման արդյունքները շուտով արդեն կտեսնենք։ Ուրախ ենք նաև, որ սա ուղղակիորեն բխում է կրթության ոլորտում ՀՀ կառավարության ռազմավարությունից»,-ասել է նա։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով՝ Հայաստանի պետական մարմինները կարևորում են տեխնոլոգիական ծառայությունների մատակարարման համաշխարհային առաջատար ընկերությունների փորձը։ Վահան Քերոբյանը նշել է, որ Google Workspace for Education ծառայությունների և գործիքակազմի համակարգի ներդրման արդյունքում մեր երեխաները կունենան այն նույն թվային միջավայրը, որը Google-ն արդեն ներդրել է աշխարհի բազմաթիվ երկրներում։

Առաջին փուլում համակարգը ներդրվելու է Հայաստանի մի քանի հանրակրթական դպրոցներում, իսկ պիլոտային ծրագրի հաջող իրականացումից հետո տարածվելու է նաև մյուս բոլոր դպրոցներում։

SADA-ի նախագահ և գործադիր տնօրեն Թոնի Սաֆոյանը կարևորել է Հայաստանում կրթական համակարգի թվայնացման, դրա արդյունքում կրթության որակի բարելավման և հեռավար կրթության զարգացման անհրաժեշտությունը:

«SADA-ն ՀՀ կրթական համակարգում կապահովի Google Workspace for Education գործիքակազմի և ծառայությունների ինտեգրումը, կներդնի Chrome OS-ը և Chrome OS սարքերը՝ Google-ի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ»,- ասել է Սաֆոյանը։

SADA-ն նաև կտրամադրի ռեսուրսներ նախագծի կառավարումը, ճարտարագիտությունը, փոփոխությունների կառավարման կարգերն ապահովելու համար, կաջակցի ՀՀ պետական մարմիններին արտոնագիր ստանալու հարցում՝ Google-ի որակավորման պայմաններին համապատասխան:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---