13 մարտի 2023 - 11:40 AMT
Երևանում փողոցներ կանվանակոչվեն Սոս Սարգսյանի, Հրանտ Մաթևոսյանի, Հենրիկ Մալյանի անուններով

Երևանում փողոցներ կանվանակոչվեն կինոռեժիսոր Հենրիկ Մալյանի, դերասան Սոս Սարգսյանի, գրող Հրանտ Մաթևոսյանի, ինչպես նաև մշակույթի այլ գորիչների անուններով։ Հարցը քննարկվելու է Երևանի ավագանու մարտի 15-ի նիստում։

Նախագիծը ներկայացրել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

Ըստ նախագծի, Արաբկիրի 45-րդ փողոցը կանվանակոչվի կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հենրիկ Մալյանի անունով, իսկ 47-րդ փողոցը՝ թատրոնի և կինոյի հայ անվանի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի անունով»:

Դավթաշենի 2-րդ փողոցը կանվանակոչվի հայ արձակագիր Հրանտ Մաթևոսյանի անունով։

Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորքի 8-րդ փողոցը կանվանակոչվի գեղանկարիչ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյանի, իսկ Ներքին Շենգավիթի 12-րդ փողոցը՝ կինոյի, հեռուստատեսության և թատրոնի դերասան Արմեն Խոստիկյանի անունով։