Միջազգային քրեական դատարանը Պուտինին կալանավորելու օրդեր է տվել․ ՌԴ-ն այդ դատարանի իրավասությունը չի ճանաչում

Միջազգային քրեական դատարանը Պուտինին կալանավորելու օրդեր է տվել․ ՌԴ-ն այդ դատարանի իրավասությունը չի ճանաչում

PanARMENIAN.Net - Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կալանավորելու թույլտվություն՝ օրդեր է տվել։ Ռուսաստանն այդ դատարանի իրավասությունը չի ճանաչում։

ՌԴ նախագահի կալանքի օրդերը դուրս է գրվել Ուկրաինայից ՌԴ «երեխաների ապօրինի բռնագաղթի և ապօրինի տեղափոխման» համար՝ նույն մեղադրանքով օրդեր է դուրս գրվել նաև ՌԴ մանկական գործերով օմբուդսմեն Մարիա Լվովա–Բելովային «կալանավորելու» համար, գրում է ՏԱՍՍ-ը։

Սովորաբար նման օրդերները չեն հրապարակվում՝ պաշտպանելու համար տուժածներին և վկաներին, ինչպես նաև չբարդացնելու համար հետաքննության ընթացքը։ Սակայն այս անգամ բացառություն է արվել՝ կասկածյալների անունները և նրանց մեղսագրվող հանցանքները բացահայտվել են, «քանի որ գործողությունները, որոնց մասին խոսք է գնում, ենթադրաբար, շարունակվում են և հանրության իրազեկումը կարող է նպաստել նման նոր հանցագործությունները կանխելուն»։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով այդ որոշումը, հայտարարել է, որ ՌԴ-ն չի ճանաչում այդ դատարանի իրավասությունը՝ հավելելով, որ ՄՔԴ–ի ցանկացած որոշում իրավունքի տեսանկյունից առոչինչ է։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ այդ որոշումները ոչ մի նշանակություն չունեն ՌԴ համար, իսկ հնարավոր օրդերները իրավաբանական ուժ չունեն։

Միջազգային քրեական դատարանը ստեղծվել է 1998-ին՝ Հռոմի ստատուտի հիման վրա։ Այն չի հանդիսանում ՄԱԿ-ի մաս և հաշվետու է այն երկրներին, որոնք վավերացրել են ստատուտը։ ՌԴ-ն ստորագրել է փաստաթուղթը, սակայն չի վավերացրել, ԱՄՆ-ն ստորագրել է, հետո է հետ է կանչել ստորագրությունը, Չինաստանը չի ստորագրել։ 2016-ին կարգադրություն է ստորագրել, որով ՌԴ-ն չի դառնա Միջազգային քրեական դատարանի անդամ։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---