Ազատոճայինները 3-ական արծաթ և բրոնզ են նվաճել Մ23 տարեկանների ԵԱ-ում

Ազատոճայինները 3-ական արծաթ և բրոնզ են նվաճել Մ23 տարեկանների ԵԱ-ում

PanARMENIAN.Net - Ազատոճային ըմբիշները 3 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Բուխարեստում ավարտին մոտեցող Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում։ Հայաստանի հավաքականի կազմում վերջին մեդալը նվաճել է 92 կգ քաշային Սերգեյ Սարգսյանը՝ վճռորոշ գոտեմարտում 8։5 հաշվով կամային հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ և արժանանալով բրոնզե մեդալի։

Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում արծաթե մեդալներ են նվաճել Մեժլում Մեժլումյանը ( 61 կգ ), Հայկ Պապիկյանը (70 կգ) և Կնյազ Իբոյանը (86 կգ ), իսկ Էդիկ Հարությունյանը (57 կգ) և Մարտին Սիմոնյանը (125 կգ) դարձել են բրոնզե մեդալակիրներ, հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։

Մեժլումյանը 61 կգ քաշայինների եզրափակչում զիջել է ուկրաինացի Անդրի Ժելեպին և բավարարվել արծաթե մեդալով: Հայ ըմբիշը մեկնարկային գոտեմարտում 10։0 հաշվով առավելության է հասել ֆրանսիացի ըմբիշի նկատմամբ, քառորդ եզրափակչում նույն հաշվով հաղթել է ռումինացի մրցակցին, իսկ կիսաեզրափակչում 6:5 հաշվով առավելության է հասել Իտալիայի ներկայացուցչի նկատմամբ:

Իբոյանը 86 կգ քաշայինների եզրափակչում 1։11 հաշվով պարտվել է Ֆրանսիան ներկայացնող Ռախիմ Մագամադովին և նվաճել արծաթե մեդալ: Հայ ըմբիշը պայքարը սկսել է որակավորման փուլից, որտեղ 4։2 հաշվով առավելության է հասել մոլդովացի Իվան Իչիզլի նկատմամբ: Քառորդ եզրափակչում Իբոյանը 7։5 հաշվով հաղթել է ադրբեջանցի Ֆարիդ Ջաբարովին, իսկ կիսաեզրափակչում 3։2 հաշվով հաղթել է թուրք Իսմայիլ Կոչուկսոլակին:

Պապիկյանը 70 կգ քաշայինների եզրափակչում զիջել է ադրբեջանցի Մագոմեդ Բաշիր Խանիևին ու նվաճել արծաթե մեդալ։ Հայ ըմբիշը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ 10-0 հաշվով հաղթել է լեհ Մատեուշ Լուշինսկիին, քառորդ եզրափակչում 5-0 հաշվով առավելության է հասել Ֆրանսիան ներկայացնող Մուհամեդ Սանգարիևի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում 9։0 հաշվով վստահ հաղթանակ է տարել Գերմանիայի ներկայացուցիչ Շամիլ Ուստաևի նկատմամբ:

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում հանդես են եկել նաև Տիգրան Ղազարյանը (65 կգ), Մենուա Յարիբեկյանը (74 կգ), Նարեկ Գրիգորյանը (79 կգ) և Խաչատուր Խաչատրյանը (97 կգ), որոնք անմասն են մնացել մեդալներից։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---