22 մարտի 2023 - 13:31 AMT
Աջակցության ակցիա` Ջավախքում. «Արցախ, մենք ձեր կողքին ենք»

Մարտի 21-ին Ախալքալաքում «Զորի Զորյան» երիտասարդական և Ջավախքի պատանեկան միության անդամները երթ են իրականացրել՝ հաջակցություն Արցախի ու արցախահայության։

Դրա մասնակիցներն Ախալքալաքում հայկական ու վրացական դրոշներով, հայերեն ու վրացերեն՝ «Բացել Արցախի կյանքի ճանապարհը», «Արցախ, մենք ձեր կողքին ենք», «Արցախ, շրջափակված 100 օր», «Արցախի շրջափակումը տանում է ցեղասպանության» գրությամբ պաստառներով Երիտասարդական կենտրոնից շարժվել են նախ դեպի քաղաքապետարան, այնուհետև՝ դեպի Սուրբ Խաչ եկեղեցու բակ, հայտնում է Jnews.ge-ն։

Երիտասարդները միության անունից նամակ են փոխանցել Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Սամվել Մանուկյանին:

Դրանում, մասնավորապես, ասվում է․ «Հաշվի առնելով, որ Վրաստանն ու Ադրբեջանն ունեն բարիդրացիական հարաբերություններ, խնդրում ենք Ձեզ, մեր երկրի՝ Վրաստանի կառավարության մոտ բարձրացնել վերոնշյալ խնդիրը, և հնարավորության սահմաններում, որպեսզի Ադրբեջանի հետ բանակցությունների և միջնորդության միջոցով կանխվի հումանիտար աղետը, ինչպես եղավ 2021թ.-ի հունիսին, երբ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի միջնորդությամբ, Բաքվի բանտերից ազատ արձակվեցին 15 հայ ռազմագերիներ»:

ԱՀ-ին ու արցախահայությանը զորակցող ակցիայի մասնակիցներն Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակում վանկարկել են՝ Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում:

ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է Ադրբեջանից ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ մասամբ բավարարելով Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը։ Դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։ Բաքուն միջազգային ատյանից պահանջել էր Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը ԼՂ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ին, որից հետո գազը պարբերաբար անջատվում է, միացվում մասնակի, կրկին անջատվում։ Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են` հնարավոր չէ վերացնել վթարը Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում։ Առաջին անհրաժեշտության սննդամթերքը վաճառվում է կտրոններով։