22 մարտի 2023 - 14:47 AMT
ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչ. Հաագայի դատարանի որոշումը չկատարելն ի ցույց է դնում պարտավորության հանդեպ Բաքվի արհամարհանքը

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի Հատուկ խորհրդական, ԳՔ տեղակալ Ալիս Վաիրիմու Նդերիտուի հետ քննարկել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված հումնաիտար իրավիճակը և Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ցեղասպան մտադրությունների դրսևորումները:

Անդրադառնալով Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժ ապահովելու վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշմանը՝ Մհեր Մարգարյանը շեշտել է, որ Ադրբեջանի կողմից դրա իրականացումից հրաժարվելն ի ցույց է դնում միջազգային պարտավորությունների հանդեպ վերջինիս բացահայտ արհամարանքը՝ նշելով զանգվածային ոճրագործության բոլոր նախանշանների առկայության պայմաններում ՄԱԿ կողմից վաղ ահազանգման մեխանիզմների գործարկման անհրաժեշտությունը։

Շեշտվել է, որ 100 օր շարունակվող շրջափակումն Ադրբեջանի կողմից հայերի հանդեպ տարվող էթնիկ զտումների քաղաքականության վառ արտահայտություն է, ինչի մասին նախորդ տարվա դեկտեմբերի վերջից ի վեր ՄԱԿ Գլխավոր քարտուղարին և Հատուկ խորհրդականին պարբերաբար տեղեկատվություն է տրամադրվել հայկական կողմից։ Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել Ցեղասպանության կանխարգելման հարցերով Հատուկ խորհրդականի գրասենյակի կողմից մշակված «Ոճրագործությունների վերլուծության շրջանակ. Կանխարգելման գործիքակազմ» փաստաթղթով սահմանված՝ զանգվածային ոճրագործության նախանշան հանդիսացող գործոններին։

ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է Ադրբեջանից ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ մասամբ բավարարելով Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը։ Դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։ Բաքուն միջազգային ատյանից պահանջել էր Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը ԼՂ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ին, որից հետո գազը պարբերաբար անջատվում է, միացվում մասնակի, կրկին անջատվում։ Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են` հնարավոր չէ վերացնել վթարը Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում։ Առաջին անհրաժեշտության սննդամթերքը վաճառվում է կտրոններով։