ԵԽԽՎ հանձնաժողովը հայտարարություն է ընդունել Լաչինի միջանցքի ոչ իրավաչափ արգելափակման

ԵԽԽՎ հանձնաժողովը հայտարարություն է ընդունել Լաչինի միջանցքի ոչ իրավաչափ արգելափակման

PanARMENIAN.Net - ԵԽԽՎ Իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովն հայտարարություն է ընդունել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ոչ իրավաչափ արգելափակման վերաբերյալ։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության մշտական անդամ Վլադիմիր Վարդանյանը։

Հայտարարության մեջ ասվում է, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի իրավական և մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովը մեծապես անհանգստացած է Լաչինի միջանցքի շարունակական արգելափակման հետևանքով առաջացող հումանիտար ճգնաժամով։

«Հանձնաժողովը լիովին սատարում է խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի մոնիտորինգի գծով համազեկուցողների 2023 թվականի փետրվարի 24-ի հայտարարությունը, որը կոչ է անում «անհապաղ գործողություններ ձեռնարկել» և «անհապաղ դադարեցնել Լաչինի միջանցքի ոչ իրավաչափ և ապօրինի արգելափակումը»։

Հանձնաժողովը նաև կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ կատարել 2023 թվականի փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանի և 2022 թվականի դեկտեմբերի 21-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից իրենց ուղղված միջոցները, որոնց որոշումներում նշվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությամբ ստանձնած Ադրբեջանի պարտավորությունը՝ «Երաշխավորելու է Լաչինի միջանցքով երկու ուղղություններով շարժվող անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգությունը» (Եռակողմ հայտարարություն. հոդված 6):

Հանձնաժողովը նաև վկայակոչում է նույն հարցով Ադրբեջանի իշխանություններին ուղղված այլ միջազգային հայտարարություններ՝ այդ թվում․

-Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի և Արբեջանի մոնիտորինգի գծով չորս համազեկուցողների 2022թ․ դեկտեմբերի 16-ի համատեղ հայտարարությունը, որտեղ նշվում է, որ «Միջանցքի երկայնքով մարդկանց և ապրանքների տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը պետք է շտապ վերականգնվի։ Մենք կոչ ենք անում 2020թ․ նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարության բոլոր կողմերին անհապաղ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ», և

-Եվրոպական խորհրդարանի 2023թ․ հունվարի 19-ի բանաձևը Լեռնային Ղարաբաղի շրջափակման հումանիտար հետևանքների վերաբերյալ»,-ասվում է գրառման մեջ։

ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է Ադրբեջանից ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ մասամբ բավարարելով Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը։ Դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։ Բաքուն միջազգային ատյանից պահանջել էր Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը ԼՂ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ին, որից հետո գազը պարբերաբար անջատվում է, միացվում մասնակի, կրկին անջատվում։ Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են` հնարավոր չէ վերացնել վթարը Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում։ Առաջին անհրաժեշտության սննդամթերքը վաճառվում է կտրոններով։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---