22 ապրիլի 2009 - 23:16 AMT
Հնդկական Հայդարաբադ քաղաքի հայկական գերեզմանոցն ոչնչացման եզրին է
Հնդկական Հայդարաբադ քաղաքի եկեղեցուն կից գերեզմանոցն այս քաղաքում հայերի ներկայության մասին վկայող վերջին հետքն է: Այժմ այն ոչնչացման եզրին է գտնվում: Ինչպես PanARMENIAN.Net-ին է հաղորդել լրագրող Ժան Էքիյանը, Ուպպուգուդեի հայկական գերեզմանոցն, որը հայտնի է որպես Օպիգուդա, վերածվել է աղբանոցի:

Ժան Էքիյանը նշում է, որ պատմաբան Մեսրոբ Ջեկոբ Սեթն իր «Հայերը Հնդկաստանում» աշխատանքում գրում է, որ 19 հայ է հուղարկավորվել այդ գերեզմանոցում, որը բացառապես հայկական չէ: Ինչպես հաղորդում է ֆրանսիացի լրագրողը, այնտեղ հուղարկավորված են նաեւ հոլանդացիներ:

Ժան Էքիյանը նշում է նաեւ, որ հայկական գերեզմանոցն իր պահպանության տակ է վերցրել հնեաբանության դեպարտամենտը, սակայն անտարբեր վերաբերմունքի պատճառով այն վերածվել է աղբանոցի: Երբ դեպարտամենտի տնօրենին զեկուցել են հայկական գերեզմանոցի վիճակի մասին, նա հայտարարել է, որ գերեզմանոցն ընդգրկվել է Հայդարաբադի գաղութատիրական ժառանգության հուշարձանների ցանկում: «Հուշարձանը յոթ տարուց ավելի է, ինչ գտնվում է այս վիճակում: Կենտրոնական կառավարությունը միջոցներ է հատկացնում այս նախագծի համար, իսկ դեպարտամենտը շուտով կզբաղվի տարածքի մաքրությամբ»,-ասել է դեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը: