ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը կերկարաձգվի ևս 10 տարով

ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը կերկարաձգվի ևս 10 տարով

PanARMENIAN.Net - Հայկական ատոմային էլեկտրակայանի՝ ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը կերկարաձգվի ևս 10 տարով։ Գործադիրն ընդունել է «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ N 2 էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնելու (շահագործման ժամկետի երկարացում-2) նպատակով գործընթաց սկսելու մասին» որոշումը:

Ըստ հիմնավորման` ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման ծրագրի արդյունքում վերջինիս շահագործման ժամկետը սահմանված կարգով երկարացվել է մինչև 2026 թվականը։ Ծրագրի շրջանակում ՀԱԷԿ-ում կատարվել են մեծածավալ արդիականացման և վերազինման աշխատանքներ։

Հաշվի առնելով արդեն իսկ կատարված արդիականացման աշխատանքները, ինչպես նաև մասնագիտացված կազմակերպությունների կարծիքները և նմանատիպ էներգաբլոկների շահագործման ժամկետի երկարացման միջազգային փորձը` նախատեսվում է, որ լրացուցիչ ներդրումներ/աշխատանքներ կատարելու միջոցով հնարավորություն կստեղծվի երկարացնել ՀԱԷԿ N 2 էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը ևս 10-ը տարով՝ մինչև 2036 թվականը։

Արդյունքում՝ հնարավորություն կստեղծվի գնահատել Հայկական ատոմային էլեկտրակայանի N 2 էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը երկարացնելու տեխնիկական հնարավորությունները, անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսները և հնարավոր ներդրումների ազդեցությունը վերջնական սպառողի սակագնի վրա։

Մեծամորի ատոմակայանի առաջին էներգաբլոկը գործարկվել է 1976-ին, երկրորդը՝ 1980-ին։ Այժմ գործում է միայն մեկ էներգաբլոկ, որի շահագործման ժամկետը պետք է ավարտվեր 2016-ին։ 1988-ի երկրաշարժից հետո ատոմակայանը ապագործարկվեց և կրկին գործարկվեց 1995-ին՝ մեկ էներգաբլոկով։ ՀԱԷԿ-ի թիվ 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը լրացել է 2016թ., և իրականացված արդիականացման լայնածավալ աշխատանքների շնորհիվ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացվել է 10 տարով։ Արդյունքում՝ 1995թ. ի վեր առաջին անգամ ատոմակայանն աշխատում է 100 տոկոս ջերմային հզորությամբ՝ 92 տոկոսի փոխարեն։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---