ԱԳ նախարար․ Լաչինի միջանցքը ոչ միայն ճանապարհ է, այլև 5 կիլոմետրանոց անվտանգության գոտի

ԱԳ նախարար․ Լաչինի միջանցքը ոչ միայն ճանապարհ է, այլև 5 կիլոմետրանոց անվտանգության գոտի

PanARMENIAN.Net - ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը եգիպտական առաջատար AlQahera News լրատվամիջոցին տված հարցազրույցում, պատասպանելով այն հարցին, թե որն է իր կարծիքով Լաչինի միջանցքի արգելափակման վերացման հնարավոր լուծումը, ասել է, որ ստեղծված պայմաններում կցանկանար ընդգծել միջազգային հանրության ակտիվ ներգրավածության և Ադրբեջանի նկատմամբ ճնշման հրամայականը՝ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը կատարելու և արգելափակումը վերացնելու ուղղությամբ:

Միրզոյանն ընդգծել է, որ Լաչինի միջանցքը ոչ միայն ճանապարհ է, այլև 5 կիլոմետրանոց անվտանգության գոտի։

«Այսպիսով, մարտի 5-ին Լաչինի միջանցքում իրականացված ադրբեջանական դիվերսիան ոտնահարել է ոչ միայն հրադադարի պայմանավորվածությունը, այլ նաև խախտել շփման գիծը և միջանցքի անվտանգության գոտին։

Նախ և առաջ, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում է, որով նախատեսվում է, որ Ադրբեջանը «երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը»։

Կարելի էր ենթադրել, որ Արդարադատության միջազգային դատարանի` փետրվարի 22-ին ընդունած՝ իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշումը կարող է լուծել իրավիճակը, քանի որ դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժն ապահովելու համար։ Ցավալի է, որ դատարաի այդ որոշումը դեռ կյանքի չի կոչվել»,-ասել է նա։

ԱԳ նախարարը նշել է, որ Հայաստանը հանդես է եկել Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք անհապաղ միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելու կոչով՝ տեղում իրավիճակը գնահատելու համար։

«Գաղտնիք չէ նաև, որ նման առաքելության առաջարկը բազմիցս մերժվել է Ադրբեջանի կողմից՝ ակնհայտորեն ցուցադրելով միջազգային հանրությանը առջև թափանցիկ և հաշվետու լինելու Ադրբեջանի ղեկավարության պատրաստակամության բացակայությունը»,-ասել է նա։

Անդրադառնալով իրավիճակին Լեռնային Ղարաբաղում՝ Միրզոյանն ասել է, որ գրեթե երեք ամիս շարունակ Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղը կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի արգելափակմանը և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ ստեղծելուն զուգահեռ, Ադրբեջանը շարունակում է ահաբեկել Լեռնային Ղարաբաղի հայերին՝ ստեղծելով սեփական հայրենիքում ապրելու համար անմարդկային պայմաններ և վերջնանպատակ ունենալով իրականացնել էթնիկ զտումներ:

«Մարդասիրական ճգնաժամին զուգահեռ, Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում հրահրել է նաև էներգետիկ ճգնաժամ: Ձմռան ցուրտ պայմաններում, Ադրբեջանի իշխանությունները պարբերաբար խաթարել և շարունակում են խաթարել գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումը:

Ադրբեջանի գործողությունները, ինչպես նաև ագրեսիվ և առավելապաշտական հռետորաբանությունն ապացուցել են միջազգային ներգրավվածության բացարձակ անհրաժեշտությունը՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրները հասցեագրելու, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների բացահայտ փորձերը կանխելու նպատակով։ Միջազգային հանրության, այդ թվում՝ արաբական աշխարհում մեր գործընկերների և բարեկամների դիրքորոշումը պետք է լինի հստակ՝ ընդդեմ ևս մեկ ցեղասպանության նախապատրաստմանն ուղղված ցանկացած գաղափարախոսության և գործողության. միջազգային համակարգը չի կարող թույլ տալ նմանատիպ հերթական ձախողումը։

Ամփոփելով նշեմ, որ չնայած բոլոր ռիսկերին և իմ երկրի շուրջ ստեղծված փխրուն իրավիճակին, Հայաստանը մնում է վճռական՝ կայուն տարածաշրջանի ստեղծմանն իր նպաստը բերելու հարցում. տարածաշրջան, որտեղ խաղաղ ապրելը չի լինի պարզապես երազանք մեր սերունդների համար»,-ասել է Միրզոյանն արաբական լրատվամիջոցին։

ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է Ադրբեջանից ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ մասամբ բավարարելով Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը։ Դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։ Բաքուն միջազգային ատյանից պահանջել էր Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը ԼՂ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ին, որից հետո գազը պարբերաբար անջատվում է, միացվում մասնակի, կրկին անջատվում։ Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են` հնարավոր չէ վերացնել վթարը Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում։ Առաջին անհրաժեշտության սննդամթերքը վաճառվում է կտրոններով։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---