Կասկադի մոտակայքում ծառերի փոխարեն սակուրաներ կտնկեն

Կասկադի մոտակայքում ծառերի փոխարեն սակուրաներ կտնկեն

PanARMENIAN.Net - Կասկադի հարակից տարածքում հատված ծառերի փոխարեն 46 սակուրա կտնկվի։ Այդ մասին հայտնել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը

«Քաղաքապետարանում տեղի էր ունեցել գիտաժողով, մասնակցում էին ոլորտի ամենաճանաչված գիտնականները, որոնք և հորդորեցին փոխարինել օր առաջ կենսունակությունը կորցրած կամ դրա ավարտին մոտ գտնվող ծառատեսակները։ Առանց այն էլ Երևանի կանաչ ֆոնդը բավականին պակաս է մեկ շնչին ընկնող հաշվարկով և եղած ծառերի գրեթե կեսը կորցրել են կամ կորցնում են իրենց կենսունակությունը և եթե անհապաղ միջոցներ չձեռնակեինք նոր ծառերի տնկման, ապա մի քանի տարի անց Երևանը կվերածվի կիսաանապատի։ Սրանով է պայմանավորված ծառերի փոխարինումը»,- ասել է Բեգոյանը, տեղեկացնում է Արմենպրեսը։

Նրա խոսքով՝ տեղանքը, ճարտարապետությունը, մայթերի լայնությունը հուշել է, որ այստեղ հնարավոր չէ տեղադրել մեծ սաղարթ ունեցող ծառեր։

«Եթե մենք պայմանական այստեղ տնկենք սոսիներ, ապա մի քանի տարի հետո այս սոսիների ճյուղերը կմտնեն շենքի բնակիչների պատուհաններից ներս։ Դրա համար այստեղ որոշված է համեմատաբար փոքր սաղարթով սակուրաներ տնկել։ Նաև նպատակահարմար է, որ ծառերը մեծ սաղարթ չունենան և չփակեն շենքերի գեղագիտական տեսքը։ Այս սակուրաներն ունեն իրենց հատուկ ձևը՝ ինչպես նախատեսված է, այդպես էլ աճելու են, նրանց ձևավորելու անհրաժեշտություն չի լինելի »,- նշել է Բեգոյանը։

Մարտի 23-ին Երևանի քաղաքապետարանը, արձագանքելով Երևանի կենտրոնում ծառերի հատման առնչությամբ հանրության դժգոհություններին, հայտնել էր, որ Կասկադի հարակից տարածքում հատվում են անկենսունակ ծառերը։ Նշվում էր, որ հատված ծառերը փոխարինվելու են «առավել արժեքավոր և գեղատեսիլ ծառերով»։ Նշված էր նաև, որ «հաշվի առնելով Երևանում մեկնարկած ծառերի փոխարինման գործընթացի նկատմամբ հանրային անհանգստությունը՝ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը Կասկադի տարածքում է։ Հանրության շրջանում և սոցցանցերում մեծ դժգոհություն է բարձրացել, քանի որ հատվել են հաստաբուն ծառեր։ Օգտատերերից շատերը նշել էին, որ հատված ծառերն արդեն բողբոջել էին։

Բժշկական գիտությունների թեկնածու, Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը, անդրադառնալով քաղաքապետարանի կողմից հաստաբուն ծառերի հատմանը Կասկադի հարակից տարածքում, ասել է, որ Երևանում ծառերի փոխարինման խնդիր իսկապես կա, բայց այդ գործընթացն այս մեթոդաբանությամբ չի կարելի իրականացնել։ Նա ասել է, որ Կասկադում ծառերի հատման ծրագիրը կասեցվել է՝ ընտրված ծառատեսակները ոչ Կասկադի համար են հարմար, ոչ էլ Մոսկովյան փողոցի, քանի որ դրանք գաճաճ, փոքրիկ տեսակներ են, և քաղաքի համար որևէ լուրջ խնդիր չեն լուծում։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---