Անդրեասյան․ ՀՀ-ում ռուսական դպրոցներ բացելու առաջարկի մասով հնարավոր 2 պատկերացում կա

Անդրեասյան․ ՀՀ-ում ռուսական դպրոցներ բացելու առաջարկի մասով հնարավոր 2 պատկերացում կա

PanARMENIAN.Net - ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, պատասխանելով ՀՀ-ում ռուսական դպրոցներ բացելու անհրաժեշտության մասին ՌԴ ԱԳ նախարարի հայտարարության վերաբերյալ հայկական կողմի մոտեցման մասին հարցին, նշել է, որ այդ հարցի վերաբերյալ հնարավոր 2 պատկերացում կա։

«Մեր երկրում պետական լեզուն մեկն է, և դա հայերենն է: Ինչ վերաբերվում է համատեղ ծրագրին ռուսական կողմի հետ, որը պետք է լինի հանրակրթական մակարդակում որոշակի հաստատությունների ձևաչափով, դեկտեմբերին կայացավ հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստը, որտեղ հստակ արձանագրվեց, որ պետք է քննարկենք դրա կոնցեպտը»,- ասել է նա, հայտնում է «Առավոտը»։

Նա հավելել է, որ աշխատանքային խումբն արդեն ձևավորվել է թե ռուսական, թե հայկական կողմի ներկայացուցիչների մասնակցությամբ:

«Մենք ունենք մեր պատկերացումները, թե ինչպիսի համատեղ նախագծի մասին կարող է խոսք լինել, ինչը ես հնչեցրել եմ: Ունենք շատ լավ համատեղ ծրագրի օրինակ՝ հայ-չինական դպրոցի մասով, որտեղ ենթակառուցվածքների մասով Չինաստանի կառավարությունն արել է մեծ ներդրում, կառուցվել է դպրոցական նոր շենքը, հագեցվել է սարքավորումներով, գույքով, այնուհետև համատեղ աշխատանք ենք անում բովանդակության մասով: Այսինքն` այս դպրոցում կա չինարենի, ինչպես նաև Չինաստանի մշակույթի, պատմության ուսուցման հնարավորություն, ու մասնագետներ են գործուղվում Չինաստանի կառավարության կողմից, ֆինանսական հավելյալ օժանդակություն է տրվում: Սա այն է, ինչ մենք արդեն իսկ ունենք որպես համատեղ ծրագրի օրինակ, ինչը ռուսական կողմին արդեն իսկ ներկայացրել ենք»,-ասել է նա:

Նախարարը նշել է, որ երկրորդ հնարավորությունը, որ քննարկել են, կրթության կազմակերպման հարցն է ՌԴ քաղաքացիների համար, որոնց մեծ հոսք է եղել Հայաստան վերջին տարվա ընթացքում:

«Եթե այդ քաղաքացիների համար կրթության կազմակերպման անհրաժեշտություն կա, որպեսզի հնարավորություն ունենան սովորելու, այսպես կոչված, ռուսական դպրոցում, որը նրանց հետո հնարավորություն կտա հետագա կրթության շարունակման, սա, իհարկե, նույնպես կարող ենք քննարկել: Հիմա ընթանում են քննարկումները, արդյունքների մասին վստահաբար կներկայացնենք: Քննարկումները, բնականաբար վարում ենք մեր օրենսդրության շրջանակներում»,-ասել է Անդրեասյանը:

Հայաստանում ռուսերենով ուսուցմամբ 3 դպրոց կա, որտեղ սովորում են ՌԴ-ում տեղակայված զինծառայողների և սահմանապահների, ինչպես նաև ՌԴ քաղաքացիներi երեխաները։ Նաև մի քանի տասնյակ հայկական դպրոց կա ռուսերենի խորացված ուսուցմամբ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---