ՀՀ ներկայացուցիչը նամակ է հղել ՄԱԿ գլխավոր քարտուղարին՝ հերքելով Բաքվի ապատեղեկատվությունը

ՀՀ ներկայացուցիչը նամակ է հղել ՄԱԿ գլխավոր քարտուղարին՝ հերքելով Բաքվի ապատեղեկատվությունը

PanARMENIAN.Net - Մարտի 24-ին, որպես ՄԱԿ Անվտանգության խորհրդի և Գլխավոր ասամբլեայի պաշտոնական փաստաթուղթ, հրապարակվել է ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանի նամակը ուղղված ՄԱԿ Գլխավոր քարտուղարին զինված հակամարտությանը երեխաների ներգրավման առնչությամբ Հայաստանի հանդեպ մեղադրանքներ պարունակող, Ադրբեջանի կողմից շրջանառած զեկույցի առնչությամբ։

Նամակում հերքվում է ՄԱԿ-ում Ադրբեջանի կողմից տարածված ապատեղեկատվությունն այն մասին, թե իբր Հայաստանի զինված ուժերում անչափահաս երեխաներ են ներգրավվում` ընդգծելով, որ կեղծիքի տարածումը ՄԱԿ-ում Ադրբեջանին բնորոշ գործելաոճ է դարձել:

Ընդգծելով հակամարտության տարածքներում բնակվող երեխաների իրավունքների պաշտպանությանը Հայաստանի հանձնառությունը ՀՀ մշտական ներկայացուցչի կողմից նշվում է, որ Ադրբեջանը պետք է դադարեցնի իր իսկ դատապարտելի արարքների մեջ Հայաստանին մեղադրելու ապարդյուն փորձերը, այդ թվում՝ չարաշահելով երեխաների իրավունքների թեման առերևույթ քարոզչական նպատակների համար, և դրա փոխարեն կատարի իր իրավական պարտավորությունները, մասնավորապես Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոցներ կիրառելու վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի կողմից կայացված որոշումները։

ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է Ադրբեջանից ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ մասամբ բավարարելով Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը։ Դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։ Բաքուն միջազգային ատյանից պահանջել էր Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը ԼՂ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ին, որից հետո գազը պարբերաբար անջատվում է, միացվում մասնակի, կրկին անջատվում։ Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են` հնարավոր չէ վերացնել վթարը Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում։ Առաջին անհրաժեշտության սննդամթերքը վաճառվում է կտրոններով։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---