Կիրակոսյան. Ադրբեջանի հայատյաց ինստիտուցիոնալ քաղաքականության մասին ապացույցները ներկայացվել են Հաագայի դատարան

Կիրակոսյան. Ադրբեջանի հայատյաց ինստիտուցիոնալ քաղաքականության մասին ապացույցները ներկայացվել են Հաագայի դատարան

PanARMENIAN.Net - Ադրբեջանի հայատյաց ինստիտուցիոնալ քաղաքականության մասին ապացույցները ներկայացվել են Արդարադատության միջազգային (Հաագայի) դատարան՝ միջպետական հայցով ընդդեմ Ադրբեջանի, որը հիմնված է «Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի վրա: Այդ մասին Աժ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի՝ մարտի 24-ի արտահերթ նիստում հայտնել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

Նա նշել է, որ շարունակաբար իրականացվում է մշտադիտարկում: Եղիշե Կիրակոսյանն անդրադարձել է Լաչինի միջանցքի ապաշրջափակման մասին դատարանի ներկայացված միջանկյալ կամ ժամանակավոր միջոց կիրառելու մասին պահանջին:

«2023 թվականի հունվարի 30-ին և 31-ին տեղի են ունեցել լսումներ Հաագայի դատարանում, որի արդյունքը եղավ փետրվարի 22-ի հայտնի որոշումը, եւ որով դատարանը կիրառեց հանրությանը հայտնի ժամանակավոր միջոց կիրառելու մասին որոշումը»,- ասել է նա:

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը տեղեկացրել է, որ ատելության, հայատյացության, ռասիզմի քարոզն Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից Արդարադատության միջազգային դատարանի կողմից քննվող գործի առանցքն է:

Նա նշել է նաև, որ ՀՀ-ն պատերազմից անմիջապես հետո բավականին ակտիվ կերպով գործի է դրել միջազգային իրավական տարբեր կառուցակարգեր ու մեխանիզմներ, որոնք որոշակի էական աջակցություն են բերում ընդհանուր դիվանագիտական ջանքերին։

Ըստ Եղիշե Կիրակոսյանի՝ Եվրոպական դատարանում ներկա պահին ՀՀ կողմից ներկայացված են մի շարք միջպետական գանգատներ: Ադրբեջանի դեմ ներկայացվել է 4 միջպետական գանգատ: Առաջին գանգատը ներկայացվել է 2021 թվականի սկզբին եւ վերաբերում է պատերազմի ընթացքում կատարված զանգվածային խախտումներին. հետագայում ներկայացվել են որոշակի լրացումներ: Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիվ գործողությունների վերաբերյալ հայկական կողմը ստիպված է եղել Եվրոպական դատարան ներկայացնել նոր գանգատներ: Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի՝ երկրորդ միջպետական գանգատը վերաբերում է գերեվարված անձանց նկատմամբ ընթացող ապօրինի դատավարություններին: Երրորդ գանգատը վերաբերում է ՀՀ սուվերեն տարածքում ադրբեջանական զինված ուժերի ներկայության եւ օկուպացիայի ու դրա հետեւանքով անձանց իրավունքների խախտումներին: Չորրորդ գանգատը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, Լաչինի միջանցքի ապաշրջափակմանը: Ըստ հիմնական զեկուցողի՝ ներկա պահին էլ աշխատանքները շարունակվում են, եւ թարմացումները պարբերաբար ներկայացվում են:

ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է Ադրբեջանից ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ մասամբ բավարարելով Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը։ Դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։ Բաքուն միջազգային ատյանից պահանջել էր Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը ԼՂ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ին, որից հետո գազը պարբերաբար անջատվում է, միացվում մասնակի, կրկին անջատվում։ Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են` հնարավոր չէ վերացնել վթարը Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում։ Առաջին անհրաժեշտության սննդամթերքը վաճառվում է կտրոններով։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---