Փաշինյանն այցելել է Ակադեմիական քաղաքի տարածք․ Սա է մեր արձագանքը մեր մարտահրավերներին

Փաշինյանն այցելել է Ակադեմիական քաղաքի տարածք․ Սա է մեր արձագանքը մեր մարտահրավերներին

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ապագա Ակադեմիական քաղաքի տարածք` Պռոշյան բնակավայրի և Աշտարակի միջնամասում։ Նա այդ մասին տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում։

«Սա է մեր արձագանքը մեր ունեցած բոլոր մարտահրավերներին, որովհետև ես հավատում եմ, որ Հայաստանի ապագան կրթությունն է, գիտությունն է, արվեստը, տեխնոլոգիաները», - նշել է նա՝ հավելելով, որ անվտանգային ուժեղ համակարգ նշանակում է կրթություն, գիտություն ու մշակույթ:

Նա նշել է, որ Ակադեմիական քաղաքի նախագիծը պետք է սկսվի Հայֆիլմի տարածքից, որտեղ կտեղակայվի արվեստների կլաստերը՝ արվեստների ավագ դպրոց, արվեստների համալսարան, ժամանակակից համերգասրահ, համալսարաններ, նաև սպայական ավագ դպրոց, սպայական համալսարանը, իսկ Աշտարակի ֆիզիկայի ինստիտուտի հարակից տարածքում կլինի տեխնոլոգիական կլաստերը։

«Ուզում եմ ընդգծել, որ համերգասրահը կլինի ոչ միայն համերգասարհ, այլև դահլիճ, որը նախատեսված կլինի կինոդիտումների, օպերայի, թատրոնի համար, այսպես ասած՝ ունիվերսալ բեմ կունենանք»,-ասել է նա։

Փաշինյանն հավելել է, որ Ակադեմիական քաղաքի մասներն իրար կապող տրանսպորտն իր համոզմամբ տրամվայը պետք է լինի։

«Եթե մասնագետները հաստատեն տեխնիկատնտեսական և ճարտարապետական հաշվարկները, ապա հենց այս հատվածում կունենանք ֆուտբոլի ազգային ստադիոնը։ Սա է մեր արձագանքը մեր ունեցած բոլոր մարտահրավերներին»,-ասել է Փաշինյանը։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, խոսելով Ակադեմիական քաղաքի կառուցման նախագծի մասին, ասել է, որ դա ինչ-որ գիտաֆանտաստիկ բան է թվում, բայց սա կոնկրետ նախագիծ է և հետևողական աշխատանք է տարվելու։ Նախարարը չի բացառել Ակադեմիական քաղաքի կառուցման փուլային տարբերակը:

Ակադեմիական քաղաքը նախատեսվում է կառուցել մինչև 2030 թվականը։ Ծրագիրը հաստատվել է կառավարության մարտի 16-ի նիստում։ Անդրեասյանը նշել է, որ կրթական զարգացման ծրագրի իրականացման արդյունքում ՀՀ 4 բուհ կներառվի միջազգային վարկանիշավորման համակարգերի 500–յակում։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---