Թաթոյանն արտասահմանցի լրագրողներին է ներկայացրել ադրբեջանական հանցավոր արարքները

Թաթոյանն արտասահմանցի լրագրողներին է ներկայացրել ադրբեջանական հանցավոր արարքները

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը Գերմանիայի, Ավստրիայի և Շվեյցարիայի` 20-ից ավելի լրագրողի հետ քննարկել է Հայաստանի ու Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմների հետևանքները, ադրբեջանական անօրինական ներխուժումները, Արցախ-Հայաստան կյանքի ճանապարհը փակելու և էթնիկ զտումների ադրբեջանական քաղաքականությունը: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Ներկայացրել եմ նաև ադրբեջանական հանցավոր արարքները սահմանային բնակավայրերի նկատմամբ, մասնավորապես` այն, որ բնակիչները չեն կարողանում օգտագործել իրենց արոտավայրերը, խոտհարքներն ու վարելահողերը, վաստակել ընտանիքի եկամուտը և այլն: Ընդ որում, խախտումները բնույթով նույնն են թե´ Հայաստանում (Սյունիք, Գեղարքունիք, Վայոց ձոր), թե´ Արցախում:

Ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունն ինքնին վտանգում է մարդկանց կյանքն ու առողջությունը, ուստի միջազգային բոլոր պահանջներով` նրանք պետք է հեռացվեն, որպեսզի վերականգնվի խաղաղ բնակչության բնականոն կյանքը:

Ներկայացրել եմ նաև Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիների, քաղաքացիական բնակավայրերն ավերելու, զինծառայողներին խոշտանգելու, մարմինները մասնատելու, հայ գերեվարված զինծառայողներին գնդակահարելու ապացույցները:

Այժմ այս հարցերի հանրայնացումը, ապացույցների միջազգային տարածումը հիմնարար նշանակություն ունեն՝ ադրբեջանական կեղծիքների, ցեղասպան քաղաքականության դեմ պայքարի նպատակով»,-ասվում է գրառման մեջ:

Հանդիպումը կազմակերպվել է Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի (Friedrich-Ebert-Stiftung) աջակցությամբ։

ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է Ադրբեջանից ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ մասամբ բավարարելով Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը։ Դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։ Բաքուն միջազգային ատյանից պահանջել էր Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը ԼՂ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ին, որից հետո գազը պարբերաբար անջատվում է, միացվում մասնակի, կրկին անջատվում։ Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են` հնարավոր չէ վերացնել վթարը Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում։ Առաջին անհրաժեշտության սննդամթերքը վաճառվում է կտրոններով։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---