28 մարտի 2023 - 11:54 AMT
ԱՀ նախագահ․ Պետք է սթափ գնահատել ստեղծված իրավիճակի ամբողջ բարդությունն ու պատասխանատվությունը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 27-ին հրավիրած Անվտանգության խորհրդի արտահերթ ընդլայնված նիստում, Ազգային ժողովի քաղաքական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ, ասել է, որ պետք է սթափ գնահատել ստեղծված իրավիճակի ամբողջ բարդության ու պատասխանատվության աստիճանը։

Նա նշել է, որ նիստի նպատակն է ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում առկա խնդիրների համատեղ քննարկումն ու անհրաժեշտ որոշումների կայացումը:

Խոսելով Ադրբեջանի կողմից 2020-ից ի վեր Եռակողմ հայտարարության դրույթների պարբերաբար խախտման ու 2022թ.-ի դեկտեմբերի 12-ից շարունակվող շրջափակման պայմաններում Արցախի նկատմամբ հումանիտար, սոցիալ-տնտեսական, ռազմական, քաղաքական և հոգեբանական ճնշումների հետևողական մեծացման մասին՝ Հարությունյանը նշել է, որ չնայած հայկական կողմի բազմաթիվ հայտարարություններին և հորդորներին, միջազգային դերակատարները շարունակում են սահմանափակվել դեկլարատիվ հայտարարություններով ու գործողություններով, հետևողական չլինել ընդունված ծանրակշիռ որոշումների կատարման հարցում:

«Հետևաբար, մեր խնդիրն է սթափ գնահատել ստեղծված իրավիճակի ամբողջ բարդության ու պատասխանատվության աստիճանը, վերագնահատել եղած բոլոր ռեսուսներն ու հնարավոր նոր վտանգների զսպող մեխանիզմները և կատարել անհրաժեշտ հետևություններ ու գործողություններ: Վստահ եմ, որ մեր ողջամիտ քայլերի միջոցով հնարավոր է հաղթահարել այս ծանր ժամանակաշրջանը նույնպես՝ պահպանելով ու պաշտպանելով Արցախի Հանրապետության կենսական շահերը»,- ընդգծել է Հարությունյանը:

Նիստում օպերատիվ իրավիճակի մասին զեկույցով հանդես է եկել պաշտպանության նախարար Կամո Վարդանյանը:

Մարտի 25-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, խախտելով նոյեմբերի 9-ի հայտարարությունը, հատել են Շուշիի շրջանի շփման գիծը, գրավել բարձունք (Սարիբաբա բարձունքից 2.9 կմ հյուսիս-արևելք) և անցել դիրքի ինժեներական կահավորման։ Ստեփանակերտ-Ղայբալիշեն- Լիսագոր ճանապարհին հարակից բարձունքներից մեկին ադրբեջանական զինված ուժերի դիրքային առաջխաղացումից հետո ռուս խաղաղապահները դիրքավորվել են տվյալ բարձունքին և վերահսկում են այն։ Նրանք միաժամանակ բանակցություններ են վարում ադրբեջանական կողմի հետ՝ ապահովելու համար վերջիններիս վերադարձը ելման դիրքեր։

Մարտի 27-ին` ժամը 9։00֊ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումը փորձել է առաջխաղացում կատարել Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհի հարակից բարձունքներից մեկի ուղղությամբ։ Նշված հատվածում մարտական հերթապահություն իրականացնող ՊԲ զինծառայողների կանխարգելիչ գործողությունների շնորհիվ ադրբեջանական ստորաբաժանման առաջխաղացման փորձը կասեցվել է։