28 մարտի 2023 - 14:12 AMT
«Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ստեղծելու որոշման նախագիծը դրվել է հանրային քննարկման

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ստեղծելու մասին կառավարության որոշման նախագիծը:

«ՀՀ կրթության մինչև 2030 թ․ զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ նախատեսված է ակադեմիական քաղաքի ստեղծում՝ որպես որակյալ բարձրագույն կրթության և հետազոտության համար արդիական կրթական միջավայրի ապահովման կամպուսային կլաստերների համախումբ:

«Ակադեմիական քաղաք» hիմնադրամ ստեղծելու մասին» կառավարության որոշման նախագիծը պայմանավորված է ակադեմիական քաղաքի ստեղծման աշխատանքները կազմակերպելու, համակարգելու և վերահսկելու հրամայականով։ Պետության կողմից հիմնադրամի ստեղծումը առավել նպատակահարմար կազմակերպական ձև է ընտրվել։ «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է, որի անունից հանդես եկող պետական կառավարման լիազորված մարմինը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն է:

«Ակադեմիական քաղաք» հիմնադրամը պետք է իրականացնի ակադեմիական քաղաքինախագծումն ու կառուցումը՝ որպես որակյալ կրթության և հետազոտության համար արդիական միջավայր, համապատասխան շենքային ենթակառուցվածքների կառուցումը, պահպանումը և բարելավումը, հետազոտությունը և ուսումը խթանող, գրավիչ, ապահով և անվտանգ, բազմաֆունկցիոնալ ֆիզիկական և ժամանակակից թվային տեխնոլոգիաներով հագեցած համագործակցային միջավայրի ստեղծումը, մարզադահլիճների, գրադարանների, նորարարական ոճով կահավորված անհատական և թիմային աշխատանքների տարածքների, ինչպես նաև ստեղծարար գործունեությանը նպաստող ֆիզիկական միջավայրի ստեղծումը։

Նախագծի հաստատումից հետո կնշանակվի հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, եռամսյա ժամկետում կձևավորվի հոգաբարձուների խորհրդի կազմ: Խորհուրդը բաղկացած է ութ անդամից: Ի պաշտոնե խորհրդի անդամ և նախագահն է վարչապետի աշխատակազմի ղեկավարը։ Խորհրդի մյուս ի պաշտոնե անդամներն են՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը, ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի նախագահը, Արդարադատության նախարարը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը, Ֆինանսների նախարարը, Կադաստրի կոմիտեի ղեկավարը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահը։ Խորհուրդը հաստատում է հիմնադրամի տարեկան ծրագիրը, բյուջեն և սահմանված այլ գործառույթներ:

Նախագծի վերաբերյալ առաջարկություններ կարելի է ներկայացնել մինչև 2023 թ. ապրիլի 12-ը ներառյալ:

Նախագծի վերաբերյալ հանրային լսումը նախատեսված է ապրիլի 7-ին՝ ժամը 16:00-ին, Գիտության կոմիտեում (Օրբելի եղբայրների 22):

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, խոսելով Ակադեմիական քաղաքի կառուցման նախագծի մասին, ասել է, որ դա ինչ-որ գիտաֆանտաստիկ բան է թվում, բայց սա կոնկրետ նախագիծ է և հետևողական աշխատանք է տարվելու։ Նախարարը չի բացառել Ակադեմիական քաղաքի կառուցման փուլային տարբերակը:

Ակադեմիական քաղաքը նախատեսվում է կառուցել մինչև 2030 թվականը։ Ծրագիրը հաստատվել է կառավարության մարտի 16-ի նիստում։ Անդրեասյանը նշել է, որ կրթական զարգացման ծրագրի իրականացման արդյունքում ՀՀ 4 բուհ կներառվի միջազգային վարկանիշավորման համակարգերի 500–յակում։