Մեծ Շենի համայնքապետ․ Ստեփանակերտի հետ կապի միակ միջոցը միայն հեռախոսն է

Մեծ Շենի համայնքապետ․ Ստեփանակերտի հետ կապի միակ միջոցը միայն հեռախոսն է

PanARMENIAN.Net - Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակման պատճառով կտրվել է Շուշիի շրջանի Մեծ Շեն համայնքի ճանապարհային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ, որը հումանիտար խնդիրներ է առաջացրել գյուղում:

Մեծ Շենի ղեկավար Դավիթ Դավիդյանը տեղեկացրել է, որ գյուղի բնակիչներից նրանք, ովքեր աշխատում են Ստեփանակերտում, ներկայում անգործ են մնացել, գրում է Արցախպրեսը։

«Գյուղից ունենք նաև ուսանողուհի, ով այս պահին Ստեփանակերտում է և զրկված է ծնողներին այցելելու հնարավորությունից, միայն հեռախոսով են կարողանում կապ պահպանել միմյանց հետ։ Ներկայում Ստեփանակերտի հետ գործում է միայն բջջային հեռախոսակապի միջոցը»,-նշել է համայնքի ղեկավարը:

Նրա խոսքով՝ մեծշենցիներն այս օրերին զբաղվում են գյուղատնտեսական աշխատանքներով՝ չնայած ադրբեջանական դիրքերը բավականին մոտ են ինչպես գյուղին, այնպես էլ գյուղատնտեսական հողատարածքներին:

«Ինքս զբաղվում եմ մեղվաբուծությամբ։ Մեղվափեթակներս գտնվում են թշնամու դիրքից 500 մետր հեռավորության վրա»,-նշել է համայնքապետը և հավելել, որ ճիշտ է, հակառակորդի կողմից խաղաղ բնակչությանը թիրախավորելու դեպքեր չեն գրանցվել, բայց բնակիչների մոտ մտահոգություն, այնուամենայնիվ, առկա է։

Գյուղում գարնանացանը սկսել են 10-12 օր առաջ։ Ըստ համայնքի ղեկավարի՝ արդեն հասցրել են կարտոֆիլ, սոխ, սխտոր ու կանաչեղեն ցանել։

«Կարտոֆիլի սերմեր գյուղացիները ունեցել են, բայց, ըստ հայտերի, ժամանակին նաև պետական աջակցություն է ցուցաբերվել՝ յուրաքանչյուրի մոտ 100֊150 կիլոգրամի չափով»,-ներկայացրել է Դավիդյանը:

Անդրադառնալով գյուղի խնդիրներին, նա հայտնել է, որ արդեն երկար տարիներ ոռոգման ջրի խնդիր ունեն, որի պատճառով այգիներ մի մասը չի օգտագործվում։

Մեծ Շենի համայնքապետը հայտնել է, որ Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ գյուղում նախատեսվում է ցայտաղբյուրներ տեղադրել, ինչը, նրա համոզմամբ, որոշ չափով կլուծեր խնդիրը:

Մարտի 25-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, խախտելով նոյեմբերի 9-ի հայտարարությունը, հատել են Շուշիի շրջանի շփման գիծը, գրավել բարձունք (Սարիբաբա բարձունքից 2.9 կմ հյուսիս-արևելք) և անցել դիրքի ինժեներական կահավորման։ Ստեփանակերտ-Ղայբալիշեն- Լիսագոր ճանապարհին հարակից բարձունքներից մեկին ադրբեջանական զինված ուժերի դիրքային առաջխաղացումից հետո ռուս խաղաղապահները դիրքավորվել են տվյալ բարձունքին և վերահսկում են այն։ Նրանք միաժամանակ բանակցություններ են վարում ադրբեջանական կողմի հետ՝ ապահովելու համար վերջիններիս վերադարձը ելման դիրքեր։

Մարտի 27-ին` ժամը 9։00֊ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումը փորձել է առաջխաղացում կատարել Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհի հարակից բարձունքներից մեկի ուղղությամբ։ Նշված հատվածում մարտական հերթապահություն իրականացնող ՊԲ զինծառայողների կանխարգելիչ գործողությունների շնորհիվ ադրբեջանական ստորաբաժանման առաջխաղացման փորձը կասեցվել է։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---