Վարդանյան․ Արցախում սուր ֆինանսական ճգնաժամ է՝ ամենօրյա ծախսերը փակելով՝ հարցը չի լուծվում

Վարդանյան․ Արցախում սուր ֆինանսական ճգնաժամ է՝ ամենօրյա ծախսերը փակելով՝ հարցը չի լուծվում

PanARMENIAN.Net - Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը «Շրջափակման հետևանքով Արցախի տնտեսության կորուստների գնահատման մասին» զեկույցի քննարկման ժամանակ ասել է, որ այդ զեկույցը կարևոր գործիք է միջազգային կազմակերպություններից և երկրներից օգնություն և աջակցություն ստանալու համար, հայտնում է Panorama.am-ը։

«Շրջափակման հետևանքով Արցախի տնտեսության կորուստների գնահատման մասին» զեկույցը պատրաստել է հանրային ֆինանսների կառավարման միջազգային խորհրդատու Վարդան Արամյանի գլխավորած տնտեսագետների մասնագիտական խումբը՝ Արցախի հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի պատվերով:

Վարդանյանն ասել է, որ Արցախում սուր ֆինանսական ճգնաժամ է՝ նշելով, որ ամենօրյա ծախսերը փակելով՝ հարցը չի լուծվելու։

«Իրավիճակն ավելի լուրջ է։ Մենք ունեցել ենք բյուջետային դեֆիցիտ, որն այս տարի կկազմի մոտ 29 մլրդ դրամ։ Ընդհանուր առմամբ, ունենք սուր ֆինանսական ճգնաժամ, որին Արցախի և ՀՀ կառավարություններն այդքան ժամանակ չեն տրամադրում։ Ամենօրյա ծախսերը փակելով՝ հարցը չի լուծվելու։ Ընդհանրապես, մենք ունենք ավելի խորքային հարցեր. շրջափակման մեջ գտնվող ո՞ր տնտեսությունը կարող է աշխատել արդյունավետ, եթե չես կարողանում արտադրել և արտադրանքդ տանել ՀՀ կամ հումք ներկրել, երբ 10 հազարից ավելի մարդ գործազուրկ է։ Ցավոք սրտի, տնտեսության փոփոխության մոդելը հասարակությունում խորքային չի քննարկվում»,- նշել է Վարդանյանը։

Նրա խոսքով՝ խոսում են Արցախում ստեղծված իրավիճակի՝ սննդի, գազի, էլեկտրաէներգիայի, մարդկանց խնդիրների մասին, բայց չեն կարողանում ճշգրիտ, պրոֆեսիոնալ՝ միջազգային մակարդակով ներկայացնել, թե օրական ինչքան կորուստ է ունենում Արցախի տնտեսությունը։

«Եթե իսկապես հասկանում են մեր վիճակը, պետք է ավելի խորքային աջակցեն, քանի որ կորուստը մեծ է»,- ասել է Վարդանյանը։

Քննարկման ժամանակ նշվել է, որ ՀՀ կառավարությունը 2023թ-ի համար 144 միլիարդ դրամի բյուջետային աջակցություն է տվել Արցախին։

«Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության Արցախի նախագծերի ղեկավար Գրիգորի Մարտիրոսյանը հայտնել է, որ այդ գումարն առաջին հերթին կուղղվի թոշակների, նպաստների, աշխատավարձերի վճարմանը։

Ռուբեն Վարդանյանն, անդրադառնալով ՀՀ կառավարության աջակցությանն, ասել է, որ 144 մլրդ դրամ աջակցությունից 60 մլրդ-ը Արցախը պետք է մուծի բանկերին, ինչը նշանակում է, որ այդ գումարը Արցախի տնտեսություն չի մտնում։

Նրա խոսքով՝ քիչ օրինակներ կան, երբ 120,000 մարդ շրջափակման մեջ է 100 օրից ավելի, և նման լուրջ հարցերը բավարար չեն քննարկվում և հետազոտվում։

ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է Ադրբեջանից ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ մասամբ բավարարելով Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը։ Դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։ Բաքուն միջազգային ատյանից պահանջել էր Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը ԼՂ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ին, որից հետո գազը պարբերաբար անջատվում է, միացվում մասնակի, կրկին անջատվում։ Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են` հնարավոր չէ վերացնել վթարը Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում։ Առաջին անհրաժեշտության սննդամթերքը վաճառվում է կտրոններով։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---