Փաշինյանը՝ «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովում․ Բաքուն փորձում է էթնիկ զտում իրականացնել ԼՂ-ում

Փաշինյանը՝ «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովում․ Բաքուն փորձում է էթնիկ զտում իրականացնել ԼՂ-ում

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախաձեռնած «Հանուն ժողովրդավարության» երկրորդ առցանց գագաթնաժողովում իր ելույթում ասել է, որ Հայաստանը խստորեն դատապարտում է մարդու իրավունքների խախտումներն ամբողջ աշխարհում, և շատ բան պետք է արվի միասին՝ կանխելու ցեղասպանությունները, էթնիկ զտումները և վայրագությունները:

«Այն, ինչ այսօր տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում հայերի հետ, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը և դրա հետևանքով ծառացած հումանիտար ճգնաժամը, միանշանակ ԼՂ-ում հայերի էթնիկ զտումների փորձ է։ Եվ մենք չենք կարող աչք փակել դրա վրա։ Միևնույն ժամանակ, ես կրկնում եմ, որ Հայաստանը հավատարիմ է մնում Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացին։ Մենք համոզված ենք, որ տարածաշրջանի խաղաղ զարգացումն այլընտրանք չունի, և որ ժողովրդավարական արժեքներին հավատարիմ մնալը կօգնի մեզ գտնել ճանապարհ դեպի խաղաղություն» ,-ասել է վարչապետը։

Անդրադառնալով ՀՀ դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիային՝ Փաշինյանն ասել է, որ դեռևս այդ ժամանակ Հայաստանը զգաց ժողովրդավարական երկրների միասնականությունը և նրանց կողմից Հայաստանի դեմ ագրեսիայի հստակ դատապարտումը։

«Ցանկանում եմ օգտվել այս հնարավորությունից և մեր երախտագիտությունը հայտնել Միացյալ Նահանգներին և մյուս գործընկերներին, որոնք դիվանագիտական միջոցներով օգնեցին մեզ կասեցնել հետագա ներխուժումը»,-ասել է նա։

Փաշինյանը նշել է, որ չնայած համաշխարհային և տարածաշրջանային մարտահրավերներին՝ Հայաստանը հետևողականորեն շարունակում է իրականացնել ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը։

«Դրա արդյունքում մեր երկիրը բարելավել է իր դիրքերը համաշխարհային տարբեր վարկանիշներում։ Freedom House-ը Հայաստանին դասել է որպես «ազատ» երկիր «Ինտերնետի ազատության» իր տարեկան զեկույցում: Հայաստանն աննախադեպ առաջընթաց է գրանցել նաև «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության կողմից հրապարակված 2022 թվականի մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում՝ բարելավելով իր դիրքերը 12 կետով։ Անցած տարի Հայաստանը 7 կետով բարելավել է իր դիրքերը Economist Intelligence Unit-ի կողմից հրապարակված ժողովրդավարության ինդեքսում։

Հայաստանի կառավարությունը շարունակում է պայքարել կլիմայի փոփոխության դեմ՝ ցածր արտանետումներով էներգետիկ ոլորտ և կենսունակ կանաչ տնտեսություն կառուցելու համար: Մենք առաջընթաց ենք գրանցել Energy Trilemma Index 2021 էներգետիկական միջազգային վարկանիշում՝՝ զբաղեցնելով 53-րդ տեղը 127 երկրների շարքում»,-ասել է Փաշինյանը։

Նա հավելել է, որ ժողովրդավարությունը շարունակական աշխատանք է, և մենք կշարունակենք ստանձնել նոր պարտավորություններ՝ Հայաստանի համար նոր նշաձող սահմանելով համաշխարհային ժողովրդավարական վարկանիշային աղյուսակում։

«Ես հավատում եմ ժողովրդավարության ուժին՝ հանուն խաղաղության, հանուն ազատության, հանուն երջանկության»,-ասել է վարչապետը։

2022-ի սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---