Կաթողիկոսը բարձրաձայնել է եկեղեցու մտահոգությունները «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի մասով

Կաթողիկոսը բարձրաձայնել է եկեղեցու մտահոգությունները «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի մասով

PanARMENIAN.Net - Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ հանդիպմանը բարձրաձայնել է Եկեղեցու մտահոգությունները հանրակրթության պետական չափորոշչի, հատկապես «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի առնչությամբ։

Նա նշել է, որ պետություն-Եկեղեցի երկարատև աշխատանքի արդյունքում ներդրված այս առարկայի նպատակն է մատաղ սերնդին ապահովել հայեցի դաստիարակություն, ձևավորել ազգային ինքնության գիտակցություն, կերտել արժեհամակարգ, որոնք գիտելիքի հետ մեկտեղ կարող են ամուր հիմը կազմել մեր ժողովրդի առաջընթաց, ապահով ու բարօր կյանքի։ Նորին Սրբությունը նկատել է, որ Եկեղեցու ակնկալությունն է, որ վերսկսվեն ձևավորված կրթության համատեղ հանձնախմբի աշխատանքները և առարկայի պահպանման հարցում գտնվեն ընդունելի լուծումներ։

Նախարարը ներկայացրել է հանրակրթության պետական չափորոշչի կազմման մեթոդաբանությունը՝ կարևորելով դպրոցում արժեքային դաստիարակության բաղադրիչի պահպանումը, նաև ընդգծելով ազգային դպրոցի ձևավորման և կայացման գործում Հայոց Եկեղեցու մեծ ավանդը։

Անդրեասյանը լուսաբանություններ է տվել տարբեր հարցերի առնչությամբ՝ պատրաստակամություն արտահայտելով փոխառնչված ոլորտներում Մայր Աթոռի հետ համագործակցության, համատեղ ծրագրերի իրականացման և ի նպաստ զանազան խնդիրների կարգավորման ջանքերի ու հնարավորությունների մեկտեղման։

Նա մասնավորապես անդրադարձ է կատարել պատմական վանքերի ու եկեղեցիների պահպանման ու վերականգնման հարցերին, Արցախի մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին, միջազգային հարթակներում իրավունքների պաշտպանության ոլորտում անելիքներին և տարվող քարոզչական աշխատանքներին։

Քննարկվել են նաև պատմական սրբավայրերի պահպանման ու վերականգնման խնդրում ընդհանուր սկզբունքներին և փոխհամաձայնեցված գործողություններին, Ադրբեջանի հսկողության տակ հայտնված տարածքներում Արցախի մշակութային ժառանգության անխաթար պահպանությանը վերաբերող հարցեր։ Երկուստեք կարևորվել է գործակցությունը նախարարության և Մայր Աթոռի Արցախի հոգևոր ժառանգության պահպանության գրասենյակի միջև, ինչպես նաև պատմական հուշարձանների պահպանության հարցերով համատեղ հանձնախմբի շրջանակներում։

Հանդիպման ավարտին ՀՀ ԿԳՄՍ նախարարն այցելել է Վեհարանի թանգարան, նաև ծանոթացել Մայր Տաճարի ամրակայման և հիմնանորոգության աշխատանքների ընթացքին։

Ըստ հանրակրթական դպրոցներում ուսուցման չափորոշիչների փոփոխման Հայոց եկեղեցու պատմություն առարկան որպես առանձին առարկա դպրոցական ծրագրից հանվել է և միացվել Հայոց պատմություն առարկային: Եկեղեցին բազմիցս դեմ է արտահայտվել այս որոշմանը։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---