Փաշինյան․ Հայկական դիրքերը չեն փոփոխվել

Փաշինյան․ Հայկական դիրքերը չեն փոփոխվել

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում, անդրադառնալով ադրբեջանական կողմի հայտարարություններին բարձունքներ գրավելու մասին, հայտարարել է, որ հայկական դիրքերի որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հայտարարության մեջ ասվում է, որ Լաչինի միջանցքի նոր ճանապարհի «շահագործման հանձնելու կապակցությամբ ադրբեջանական բանակը վերահսկողություն է հաստատել մի քանի իշխող բարձունքներում, հիմնական և օժանդակ ճանապարհներին և ընդարձակ սահմանամերձ տարածքներում Լաչինի շրջանի Ջաղազուր և Աղավոն գյուղերի միջև»։

Նա նշել է, որ Գորիս–Ստեփանակերտ ճանապարհի փոփոխությունը եղել է ըստ պայմանավորվածության։

«2022-ի օգոստոսին Ադրբեջանի և ԼՂ իշխանությունների միջև կայացած համաձայնության արդյունքում՝ Լաչինի միջանցքի երթուղին փոխվեց նոր ճանապարհի գործարկմամբ, բայց քանի որ Լաչինի միջանցքը ՀՀ-ին կապող ճանապարհն ամբողջությամբ պատրաստ չէր, գործարկվեց ժամանակավոր երթուղի, որը մուտք էր գործում ՀՀ տարածք Կոռնիձորի կամրջով, ապա նորից Ադրբեջանի տարածք ու նորից ՀՀ տարածք։ Ըստ ձեռք բերված պայմանավորվածության՝ այդ երթուղին պետք է գործեր մինչև 2023-ի ապրիլի 1-ը։ Նախօրեին մենք ադրբեջանական կողմին տեղեկացրել ենք, որ, համաձայն պայմանավորվածության, Կոռնիձորի կամրջից հետո ճանապարհը շարունակվելու է միայն ՀՀ տարածքով և որ ՀՀ սահմանապահ զորքերն են այդ հատվածում ՀՀ պետական սահմանը պահպանելու»,-ասել է Փաշինյանը։

Նա ընդգծել է, որ սահմանապահ զորքերը տեղակայվելու են ՀՀ պետական սահմանի այն նույն դիրքերում, որտեղ մինչ օրս ՊՆ ստորաբաժանումներն էին տեղակայված։

Փաշինյանն ադրբեջանական լրահոսում հայտնված տեղեկությունները որակել է տեղի ունեցածը որպես հերթական «բլոկբաստեր» ներկայացնելու ցանկություն։

Նա ևս մեկ անգամ կրկնել է, որ հայկական դիրքերի որևէ փոփոխություն այս ամենի արդյունքում տեղի չի ունեցել, այն տարբերութամբ, որ այսուհետ նույն դիրքերը հսկելու են ոչ թե ՊՆ ստորաբաժանումները, այլ սահմանապահ զորքերը։

Ադրբեջանի զինուժը մարտի լույս 30-ի գիշերը փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում։ Այդ մասին հայտնել է ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը՝ նշելով, որ արդեն պատրաստ է փակված ճանապարհը շրջանցող՝ Սյունիքի մարզի Տեղ-Կոռնիձոր գրունտային նոր ճանապարհը, որը միանում է 2022թ. օգոստոսին շահագործման հանձնված նոր՝ Կոռնիձոր-Հին շեն ճանապարհին («Բերձորի (Լաչինի) միջանցքին»): Տեղ-Կոռնիձոր նշված ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները Հայաստանի Հանրապետության կողմից ընթացքի մեջ են։

ՆԳ նախարարությունն իրազեկել է, որ Տեղ-Կոռնիձոր գրունտային ճանապարհը երթևեկելի է և, հաշվի առնելով Արցախի շարունակվող շրջափակումը, դրանով հնարավոր է իրականացնել Արցախի հումանիտար մատակարարումները ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---