30 մարտի 2023 - 12:24 AMT
Վարչապետ․ Ադրբեջանական կողմն ուղիղ դիտարկում է Ստեփանակերտը մի քանի գյուղերի հետ կապող ճանապարհը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում, անդրադառնալով Արցախում ստեղծված իրավիճակին, ասել է, որ Ադրբեջանը հերթական ներխուժումն է իրականացրել ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի՝ գրավելով 20-54 բարձունքը և ինժեներական աշխատանքներ սկսելով, ինչն արձանագրվել է նաև խաղաղապահների տեղեկագրում։

«20-54 բարձունքից ադրբեջանական կողմն ուղիղ դիտարկման տակ է վերցրել Ստեփանակերտը Հին Շեն, Մեծ Շեն և մի քանի այլ գյուղերի հետ կապող գրունտային ճանապարհը»,– հավելել է նա։

Մարտի 25-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, խախտելով նոյեմբերի 9-ի հայտարարությունը, հատել են Շուշիի շրջանի շփման գիծը, գրավել բարձունք (Սարիբաբա բարձունքից 2.9 կմ հյուսիս-արևելք) և անցել դիրքի ինժեներական կահավորման։ Ստեփանակերտ-Ղայբալիշեն- Լիսագոր ճանապարհին հարակից բարձունքներից մեկին ադրբեջանական զինված ուժերի դիրքային առաջխաղացումից հետո ռուս խաղաղապահները դիրքավորվել են տվյալ բարձունքին և վերահսկում են այն։ Նրանք միաժամանակ բանակցություններ են վարում ադրբեջանական կողմի հետ՝ ապահովելու համար վերջիններիս վերադարձը ելման դիրքեր։

Վարչապետն ասել է, որ այդպիսով Ադրբեջանը ոչ միայն շարունակում է չկատարել Լաչինի միջանցքի արգելափակումը վերացնելու մասին Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, այլև ԼՂ–ի նաև ներքին տրանսպորտային հաղորդակցությունն արգելափակելուն ուղղված քայլեր ձեռնարկում։

Որպես արդարացում բերվող ռազմական փոխադրումների մասին Ադրբեջանի հայտարարությունները Փաշինյանն անվանել է պրոպագանդիստական սուտ։

«Ադրբեջանը ԼՂ հայերին ցեղասպանության ենթարկելու ակնհայտ նախապատրաստություն է տեսնում։ Լաչինի միջանցքն արդեն 100 օրից ավելի փակ է, գազամատակարարումն ու էներգամատակարարումը դադարեցված են, գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող մարդիկ և գյուղտեխնիկան պարբերաբար գնդակոծվում են»,– ասել է վարչապետը։

Նա հավելել է, որ կարևոր է հետևողականորեն շարունակել միջազգային հանրությանն իրազեկումն ու աշխատել միջազգային համապատասխան մեխանիզմների գործարկման ուղղությամբ։

ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է Ադրբեջանից ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ մասամբ բավարարելով Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը։ Դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։ Բաքուն միջազգային ատյանից պահանջել էր Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը ԼՂ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ին, որից հետո գազը պարբերաբար անջատվում է, միացվում մասնակի, կրկին անջատվում։ Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են` հնարավոր չէ վերացնել վթարը Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում։ Առաջին անհրաժեշտության սննդամթերքը վաճառվում է կտրոններով։