30 մարտի 2023 - 13:30 AMT
Ծաղկած ծիրանի այգիներում անհրաժեշտ է ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ

Էկոնոմիկայի նախարարությունը, հիշեցնելով հանրապետության տարածք արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցման կանխատեսման մասին, հայտարարել է, որ ծաղկած ծիրանի այգիներում անհրաժեշտ է ձեռնարկել համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ՝ ծխեցում, հնարավորության դեպքում՝ ոռոգում:

Համաձայն «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի հրապարակած տեղեկատվության՝ հանրապետության հովտային գոտում, այդ թվում Արարատյան դաշտում ամենացածր ջերմաստիճանը սպասվում է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը օդում՝ 0-2 աստիճան ցուրտ, հողի մակերևույթին՝ 3-4 աստիճան ցուրտ լուսադեմին 05։00-07։00 ընկած ժամանակահատվածում։

Հանրապետության նախալեռնային գոտում ամենացածր ջերմաստիճանը կանխատեսվում է մարտի 31-ի լույս ապրիլի 1-ի գիշերը՝ 2-4 աստիճան ցուրտ, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը 0-2 աստիճան ցուրտ։

«Նշված ջերմաստիճանի 5 ժամից ավել պահպանվելու դեպքում ծաղկած ծիրանի այգիներում անհրաժեշտ է ձեռնարկել համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ (ծխեցում, հնարավորություան դեպքում՝ ոռոգում)»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Մարտի 30–ին, 31-ին Սկանդինավիայի շրջաններից արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ օդի ջերմաստիճանը հանրապետության տարածքում մարտի 30-ի ցերեկը կնվազի 5-6, 31-ին ՝ ևս 6-8, ապրիլի 1-ի գիշերը՝ ևս 3-6 աստիճանով։ Մարտի 30-ին հանրապետության առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վ։

Մարտի 30-ին առանձին շրջաններում, 31-ին և ապրիլի 1-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ։ Մարտի 31-ի երեկոյան և ապրիլի 1-ին ծովի մակերևույթից հաշված 1200մ և ավելի բարձրություններում՝ ձյան տեսքով, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։