30 մարտի 2023 - 14:18 AMT
ԱՊՊԱ-ի գների ազատականացումը կսկսվի ապրիլի 1-ից

ԱՊՊԱ սակագների ազատականացման համակարգն ուժի մեջ կմտնի ապրիլի 1-ից։ Այդ մասին կառավարության նիստում հայտարարել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

Նա նշել է, որ այսուհետ ԱՊՊԱ-ի պայմանագրի գինը ձևավորվելու է վարորդի վարքագծի հիման վրա։ Համապատասխան պայմանագիրն ընկերության հետ կկնքվի առցանց, հարթակում տեսանելի կլինեն ԱՊՊԱ ընկերությունների գնային առաջարկները։ Քաղաքացին կկարողանա ընտրել իր համար գին-որակ լավագուն հարաբերակցությունը։

«Բոլորի համար գործելու է բացառապես անհատական մոտեցում` ըստ վարորդի կարգապահության գնահատականի»,-ասել է նա։

Գալստյանն ասել է, որ վարորդի անհատական վարքի հետ կապ չունեցող նախկինում գործող կարգավորումները կվերանան։

«Օրինակ, նախկին կարգով համընդհանուր մոտեցում էր սահմանված տաքսիստների կամ մինչև 80 ձիաուժ հզորությամբ մեքենաների սեփականատերերի համար, քանի որ այդ խմբերը համարվում էին ռիսկային։ Նոր օրենքով այս մոտեցումները վերացվում են, անհատական մոտեցում կլինի։

Բոլորի համար զատ շուկայական մեխանիզմ է գործելու։ Եթե բոլոր ավտոսեփականատերերն ընտրեն, օրինակ, առաջարկվող գներից նվազագույնը, ապա 56 տոկոսի համար կնվազեն գները, 23 տոկոսի համար՝ կթանկանան»,-ասել է նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ այդ 23 տոկոսն այն քաղաքացիներն են, որոնք երթևեկության կանոնները հաճախակի են խախտում։

2022-ի սկզբին հայտարարվել էր, որ ապրիլի 1-ից ազատականացվելու են ԱՊՊԱ ոլորտում կիրառվող ապահովագրավճարները՝ հնարավորություն տալով յուրաքանչյուր ապահովագրական ընկերությանը՝ հաճախորդներին առաջարկելու սեփական մոդելի հիման վրա գին-որակ համադրությամբ ծառայություններ: