30 մարտի 2023 - 15:34 AMT
Կստեղծվի Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե կձևավորվի։ Գործադիրն ընդունել է որոշումը։ Այն կգործի ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ և կիրականացնի բարձրագույն կրթության և գիտության ոլորտի միասնական քաղաքականություն։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

Կոմիտեին կվերապահվեն Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության գիտության կոմիտեի և բարձրագույն որակավորման կոմիտեի, ինչպես նաև ԿԳՄՍ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության գործառույթները։

Նախարարը հայտնել է, որ նախատեսվում է լավարկել ու հստակեցնել գիտության ոլորտում ռազմավարության հաստատման, ատեստավորման նոր մեխանիզմների, գիտական կազմակերպությունների գործունեության վերջնարդյունքների և հստակ կատարողական ցուցանիշենրի հաստատման, գիտաշխատողների ատեսատավորման նոր կարգի, գիտության ոլորտում տվյալների հավաքագրման և տեղեկատվական համակարգի վարման մեխանիզմները։

Անդրեասյանը նշել է, որ 2018-ի համեմատ գիտության ոլորտի ֆինանսավորումն ավելացել է մոտ 21․74 մլրդ դրամով՝ հասնելով 36 մլրդ դրամ:

Նշվել է նաև, որ գիտաշխատողների ատեստավորման և վարձատրության բարձրացման ծրագրի արդյունքում առավել մեծաքանակ տարակարգի գիտական աշխատողների բազային աշխատավարձը 90,000-ի փոխարեն կազմել է 150,000 և 2025-ին արդեն կհասնի մինչև 276,000 դրամի։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ բարեփոխումների ընթացքում չեն նկատել, թե ինչպես է բուհական համակարգը մեկուսանում հետազոտական բաղադրիչից:

Նա կարևորել է հետազոտական բաղադրիչի և բուհական բաղադրիչի մեկտեղումը։

Նա հիշեցրել է, որ Ակադեմիական քաղաքի նախագծով ՀՀ-ում պետք է մնա պետական բյուջեից ֆինանսավորվող 8 բուհ և և այդ բուհերը պետք է ձևավորվեն ոչ միայն բուհական, այլև հետազոտական բաղադրիչների հիման վրա։

Նախագիծը ներկայացվելու է Ազգային ժողովի քննարկմանը։