Միրզոյանը Մալթայի ԱԳ նախարարին է ներկայացրել Լաչինի միջանցք և ԼՂ միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելու հրամայականը

Միրզոյանը Մալթայի ԱԳ նախարարին է ներկայացրել Լաչինի միջանցք և ԼՂ միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելու հրամայականը

PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Մալթայում գտնվող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Մալթայի արտաքին գործերի, Եվրոպայի հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջի հետ հանդիպմանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ Հայաստանի տեսլականը և Հարավային Կովկասում կայունություն ու խաղաղություն կառուցելու հայկական կողմի ջանքերը:

Շեշտվել է Արդարադատության միջազգային դատարանի կողմից փետրվարի 22-ին կայացված որոշման կյանքի կոչումը, ինչպես նաև Լաչինի միջանցք և ԼՂ միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելու հրամայականը:

ԱԳ նախարար Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է միջազգային գործընկերների կողմից արված հասցեական հայտարարություններին ու կոչերին համապատասխան գործնական քայլերի իրականացման կարևորությունը:

Երկուստեք ընդգծվել է առկա խնդիրները բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորելու անհրաժեշտությունը:

Արարատ Միրզոյանը և Իեն Բորջը պատրաստակամություն են հայտնել զարգացնել և խորացնել երկկողմ հարաբերությունները, երկուստեք ջանքեր գործադրել տարբեր ոլորտներում առկա ներուժն առավելագույնս իրացնելու ուղղությամբ:

Անդրադարձ է կատարվել առևտրատնտեսական համագործակցության ու գործարար կապերի ակտիվացմանը, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցության հեռանկարներին:

Նախարարները մտքեր են փոխանակել Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգի տարբեր հարցերի, ինչպես նաև բազմակողմ հարթակներում ակտիվ համագործակցության վերաբերյալ:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են սկսվել, քանի որ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում, որտեղ վթար է եղել։ Հունվարի 12-ի երեկոյան ընդհատվել էր ֆիքսված ինտերնետ և բջջային հեռախոսային կապն Արցախի հետ։ Մեկ օր անց ինտերնետի հասանելիությունն ԱՀ ամբողջ տարածքում վերականգնվել է։ Հունվարի 17-ին Ադրբեջանը կրկին խափանել է ՀՀ-ից Արցախ տանող գազատարով գազի մատակարարումը, նույն օրը երեկոյան մատակարարումը վերականգնվել է։ Հունվարի 18-ի առավոտյան գազը կրկին անջատվել էր։ Հունվարի 20-ին ադրբեջանական կողմը մասամբ բացել է գազատար խողովակը, սակայն թույլ ճնշման պատճառով գազամատակարարումը վերականգնվել է որոշակի սահմանափակումներով:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---