23 ապրիլի 2009 - 17:09 AMT
Հայաստանի հեծանվասպորտի հավաքականը կմասնակցի «Իրանի նախագահի գավաթ» մրցաշարին
Հայաստանի հեծանվասպորտի հավաքականը կմասնակցի «Իրանի նախագահի գավաթ» միջազգային մրցաշարին, որը տեղի կունենա մայիսի 9-15-ը Իրանում: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է Հայաստանի Հեծանվասպորտի ֆեդերացիայի նախագահ Կարեն Գրիգորյանը, «Իրանի նախագահի գավաթին» Հայաստանը մասնակցում է առաջին անգամ:

«Մեր հավաքականն Իրան կժամանի մայիսի 8-ին: Այդ մրցաշարը մեզ համար առաջինն է: Ինչպես գիտեք` մենք դեռ ամսվա սկզբին պետք է մասնակցեինք այլ իրանական մրցաշարի` «Տավթան տուրի», բայց ֆինանսական ճգնաժամի պատճառով շատ խմբեր հրաժարվել են մասնակցությունից, եւ մրցաշարը չկայացավ: Իսկ «Իրանի նախագահի գավաթը» շատ բարձր հեղինակություն կունենա եւ գրանցվել է Հեծանվասպորտի միջազգային ֆեդերացիայի օրացուցային ծրագրում»,- նշել է Գրիգորյանը:

«Իրանի նախագահի գավաթին» մարզիչ Արմեն Գեզալյանի գլխավորությամբ Հայաստանը կներկայացնեն 6 մարզիկներ, այդ թվում` Սերգեյ Սարկիսովը, Էդգար Գեւորգյանը, Գեւորգ Առաքելյանը, Դավիթ Մկրտչյանը, Արման Խառատյանը եւ Արման Մելիքյանը: Հեծանվորդների հայկական պատվիրակության կազմում կմեկնեն նաեւ բժիշկ եւ մեխանիկ: