Գյումրու պատմական «Ցենտրալնի բաղնիքը» կրկին կգործի․ Շենքը վերանորոգվում է

Գյումրու պատմական «Ցենտրալնի բաղնիքը» կրկին կգործի․ Շենքը վերանորոգվում է

PanARMENIAN.Net - Գյումրու «Կումայրի արգելոց-թանգարանի» տարածքում՝ Աբովյան կամ Ալեքսանդրովսկի ճեմափողոցում, որը դարձել է զբոսաշրջիկների ամենասիրված վայրը, կգործի քաղաքի հին բաղնիքներից մեկը։ Այն պատկանել է Տեր- Մարտիրոսովներին ու հայտնի է որպես «Ցենտրալնի բաղնիք»։

Բաղնիքի շենքը, ինչպես նաև Գյումրու պատմական կենտրոնում գտնվող մի քանի կառույցներ ձեռք էր բերել շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշը՝ տեղի մի քանի գործարարների հետ՝ նպատակ ունենալով կառուցել հյուրանոցներ ու հյուրատներ, տեղեկացնում է «Առավոտը»։

Քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանն ասել է, որ բաղնիքի շենքի վերանորոգման աշխատանքները մեկնարկել են, այն ճեմափողոցից բացի մուտք ունի նաև հետնամասից։ Այն վերանորոգելով՝ ոչ միայն շունչ կտան պատմական կառույցին, այլ կվերականգնեն Գյումրու ծիսական ավանդույթներից մեկը՝ հանրային բաղնիք գնալը։

Գասպարյանն ասել է, որ բաղնիքի շենքը պատմական հուշարձան է և վերանորոգելիս, այն փոփոխությունների չպետք է ենթարկվի։ Բաղնիքի մուտքը, ըստ նրա, նույնիսկ կարող է լինել կենտրոնական հատվածում՝ հենց ճեմափողոցում։

Գյումրու բաղնիքները հիմնականում կառուցվել են քաղաքի կենտրոնում, հիմնադիրները եղել են քաղաքի մեծահարուստները, որոնք և բաղնիքները կոչել են իրենց անուններով։ Գործել են մի քանի հասարակական բաղնիքներ՝ «Կոնստանովենց աղայի», «Ձիթողցոնոց», «Ուռումների», Վեքիլովների բաղնիքները։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---