6 ապրիլի 2023 - 16:53 AMT
Իջևանն ու վրացական Ռուսթավին կգործակցեն․ Հուշագիր է ստորագրվել

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի գլխավորած պատվիրակության Վրաստան այցի շրջանակում Իջևանի և Ռուսթավի քաղաքի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել։

Հայկական պատվիրակության կազմում էր նաև Իջևանի համայնքապետ Արթուր Ճաղարյանը։

Ռուսթավիում Սանոսյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել Քվեմո Քարթլիում Վրաստանի կառավարության ներկայացուցիչ Գիորգի Դոխտուրիշվիլիի և Ռուսթավիի քաղաքապետ Նինո Լացաբիձեի հետ։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Իջևան և Ռուսթավի քաղաքների միջև գործակցության համար առկա հնարավորություններին։

Սանոսյանը Վրաստան կատարած եռօրյա այցի շրջանակում հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ, քննարկել Հայաստանի և Վրաստանի միջև տարբեր ոլորտներում գործակցությանը և բարիդրացիական հարաբերություններին առընչվող հարցեր:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են տարածաշրջանային և ենթակառուցվածքային ոլորտներում երկու երկրների միջև համագործակցությանն ու նշված ուղղությամբ հարաբերությունների հետագա զարգացմանը: