6 ապրիլի 2023 - 17:01 AMT
«Նվիրիր կարդալու րոպեներ»․ Նոր նախագիծ՝ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների ինքնազարգացման համար

Մարզերում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների ինքնազարգացման, ոչ ֆորմալ կրթության, վերջիններիս սոցիալիզացման և ներառականության ապահովման նպատակով մեկնարկում է նոր նախագիծ։

Ծրագիրն իրականացնում է «ԼՈՖԹ» կրթության, մշակույթի և երիտասարդության զարգացման համահայկական հասարակական կազմակերպությունը՝ գործընկեր կազմակերպությունների` HSBC Հայաստանի, Արարատբանկ ԲԲԸ-ի, Իդրամ ընկերության, Դիջիթեյն ընկերության, Adobe-ի ֆինանսական աջակցությամբ։ Նախագծի իրականացմանն աջակցում են Աշխատանքի և սոցիալական հարցերի և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունները։

Ապրիլի 6-ին երևանյան «ԼՈՖԹ» կենտրոնում տրվել է «Նվիրիր կարդալու րոպեներ» ծրագրի մեկնարկը՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի, ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանի և «ԼՈՖԹ» կենտրոնների գլխավոր տնօրեն, «ԼՈՖԹ» հասարակական կազմակերպության նախագահ Արևիկ Համբարձումյանի, ինչպես նաև ծրագրին ֆինանսական աջակցություն ցուցաբերած նվիրատու ընկերությունների ղեկավարների և ներկայացուցիչների մասնակցությամբ։ Երկու նախարարությունների և «ԼՈՖԹ» հասարակական կազմակերպության միջև վավերացվել է ծրագրի իրականացման համար նախատեսված փոխըմբռնման եռակողմ հուշագիրը։

«Նվիրիր կարդալու րոպեներ» նախագծի իրագործումը «ԼՈՖԹ» ՀԿ-ն սկսելու է Լոռու մարզի Վանաձոր քաղաքից, որտեղ ներկայումս անապահով ընտանիքներում հաշվառված է 5634 աշակերտ։ Նախագծի իրագործման առաջին տարվա ընթացքում Վանաձորում ապրող անապահով ընտանիքներից մոտ 1000 աշակերտ դոնոր կառույցների ֆինանսական աջակցության արդյունքում կստանա դեպոզիտային նվեր-քարտեր՝ Վանաձորի «ԼՈՖԹ» կենտրոն այցելելու և հարմարավետ միջավայրում գիրք ընթերցելու, հասակակիցների հետ մեկ տարածքում շփվելու, տարաբնույթ իրադարձությունների մասնակցելու և կենտրոնի հնարավորություններից օգտվելու համար։ Ծրագրի ամբողջական իրագործման համար նվիրատվությունների շեմը նախատեսվում է հատել 36 մլն դրամը։

«Երեխան, գտնվելով նորարակական, տեխնիկապես հագեցած, հարմարավետ ու ապահով միջավայրում, կկարողանա իր ժամանակն օգտագործել ինքնակրթվելու, զարգանալու, իր հասակակիցների հետ շփվելու համար, ինչպես նաև հնարավորություն կստանա միջավայրում ցուցաբերել իր տաղանդն ու ունակությունները։ Մեր նպատակն է նախագծի միջոցով խթանել ընթերցանությունը, պատանիների և երիտասարդների շրջանում ամրացնել միջանձնային շփումները, մարզային կյանքի հետաքրքրության և բովանդակային որակը բարձրացնել նոր մակարդակի, նպաստել երեխաներին մասնագիտական կողմնորոշման հարցում։ Այս առաքելության իրագործման համար նախագծին միացել են խոշոր ընկերություններ՝ տրամադրելով ֆինանսական աջակցություն, որի համար շնորհակալ ենք։ Կարծում եմ՝ ծրագրի իրագործման փուլում գործընկերային հարաբերությունների շրջանակը մեծանելու է այնքան, որ 5000-ից ավելի աշակերտ հնարավորություն ունենա օգտվելու ծրագրի հնարավորություններից»,-նշել է «ԼՈՖԹ» ՀԿ-ի նախագահ, ծրագրի ղեկավար Արևիկ Համբարձումյանը։

Նա իր սեփական փորձով գիտի, թե որքան բարդ է կյանքը մարզերում, և, որքան կարևոր է փոփոխություններ իրականացնել հենց ապակենտրոնացվան ձևաչափով՝ ի նպաստ մարզաբնակ երիտասարդների և պատանիների ինքնազարգացման։

«Նվիրի՛ր կարդալու րոպեների» իրագործման շնորհիվ առանձնապես շեշտադրվելու է սոցիալական արդարությունը`միտում ունենալով մեկ միասնական հարթակում ներգրավելու բոլոր այն երեխաներին, ովքեր ֆինանսական կամ այլ խնդիրների պատճառով ինքնազարգացման, ոչ ֆորմալ կրթություն ստանալու համար միջավայրային հատուկ պայմաններ գրեթե չունեն։