6 ապրիլի 2023 - 17:49 AMT
Ալեն Սիմոնյանը ներողություն է խնդրել ՀՀ բոլոր քաղաքացիներից․ «Սա դաս է ինձ համար»

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, հաշվի առնելով, որ փողոցում իր հետ տեղի ունեցած միջադեպը, երբ նա թքել էր իրեն դավաճան անվանած քաղաքացու երեսին, շարունակում է քննարկվել, ֆեյսբուքյան իր էջում ներողություն է խնդրել ՀՀ բոլոր քաղաքացիներից ` նշելով, որ դա նաև դաս էր իր համար։

Նա նաև նշել է, որ սա պատշաճ առիթ է քաղաքական ընդդիմության համար, որ վերջինս վերանայի իր հռետորաբանությունը։

«Նախ շնորհակալություն եմ հայտնում այն բոլոր մարդկանց, որոնք այս օրերին ինձ սատար են կանգնել և ուզում եմ մեկընդմիշտ փակել այս խոսակցությունը՝ թույլ չտալով, որ մեր երկրի առաջ ծառացած լուրջ խնդիրների կողքին նման կենցաղային թեման շարունակի շրջանառվել։

Այո, ժողովրդավարությունը ենթադրում է, որ պաշտոնյան պետք է և կարող է քննադատվել, ինչու ոչ` կարող են նաև սադրանքներ տեղի ունենալ։ Մեր խնդիրն է դրանց չտրվելը։

Ես ցավում եմ, որ ինձ ուղղված անձնական վիրավորանքից հունից դուրս եկա: Վստահ եմ, որ արժանապատվություն ունեցող որևէ հայ մարդ չէր հանդուրժի նման վիրավորանքը, սակայն ընտրված պաշտոնյայի վրա դրված բարձր պատասխանատվությունը պիտի զսպող դեր ունենա:

Սա նաև դաս է ինձ համար, որովհետև, ամենայն հավանականությամբ, ես և մեր թիմի այլ ներկայացուցիչներ ապագայում էլ կբախվենք նման իրավիճակների հետ:

Նաև սա պատշաճ առիթ է քաղաքական ընդդիմության համար, որ վերջինս վերանայի իր հռետորաբանությունը, անձնական վիրավորանքներ հասցնելու իր մարտավարությունը և վերադառնա քաղաքակիրթ բանավեճի դաշտ:

Տվյալ դեպքի կապակցությամբ ուզում եմ ներողություն խնդրել Հայաստանի Հանրապետության բոլոր Քաղաքացիներից»,-ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ Սիմոնյանը, արձագանքելով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի իրեն պաշտոնանկ անելու ՔՊ-ին ուղղված հորդորին, գրել էր, որ ամեն բան սպասում էր, բայց որ Տեր-Պետրոսյանը կպահանջի իմ հրաժարականը, իրոք անսպասելի էր:

«․․․Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը տխրահռչակ իրադարձություններից, իրեն դավաճան անվանելուց հետո այսպես է հանգստացել կամ փարատվել` դա իր ընտրությունն է:

Ես դավաճան չեմ, երբեք չեմ եղել և չեմ լինելու, և այն օրը, երբ կրկին փողոցում հավաքված հայրենակիցներս իմ առաջնորդության կարիքը կունենան, ապա ես տանը չեմ նստի և կլինեմ նրանց կողքին, և «թքած», թե հետո ով ինչ կասի»,-գրել էր նա։