6 ապրիլի 2023 - 17:53 AMT
Խնձորեսկում հատիկաընդեղենի մշակման գործարան է կառուցվում

Խնձորեսկում տեղական հատիկաընդեղեն մշակաբույսերի արտադրության գործարան է կառուցվում, որտեղ մշակվելու, տեսակավորվելու և փաթեթավորվելու է արտադրանքը: Ծրագիրն իրականացվում է Գորիսի համայնքապետարանի և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործակցության շնորհիվ:

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի շրջանակում ձեռք են բերվել անհրաժեշտ նյութերը, գործարանի կառուցման աշխատանքներն իրականացնում է «Գորիս բարեկարգում» ՀՈԱԿ-ը, հայտնում է Գորիսի համայնքապետարանը:

Ծրագրի շրջանակում մոտ 60 տնտեսություն օժանդակություն է ստանալու: Նպատակն է խթանել առողջ մշակաբույսերի ազգային աճը՝ ապահովելով համայնքում գյուղատնտեսության եկամտաբեր աճ։ Ծրագրի շրջանակներում բնակավվայրին տրամադրվել է անհրաժեշտ գյուղատնտեսական տեխնիկա` արտադրությունը կազմակերպելու համար, այդ թվում՝ շարքացան, կոմբայն:

Ստեղծվելու է գյուղատնտեսական կոպերատիվ, որի անդամներն են Խնձորեսկի բնակիչները, ովքեր նոր տեխնոլոգիաների կիրառմամբ պետք է նպաստեն գյուղատնտեսության զարգացմանը:

Գորիսում հատիկաընդեղենի մշակման գործարանի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2022-ի սեպտեմբերին։