6 ապրիլի 2023 - 18:20 AMT
Ադրբեջանն արտաքսում է Իրանի դեսպանատան աշխատակիցներին

Ադրբեջանում Իրանի դեսպանատան 4 աշխատակից կարտաքսվի՝ նրանք հայտարարվել են «անցանկալի անձինք»։

Բաքվում Իրանի դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավիին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ և դժգոհություն հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի հանդեպ «Թեհրանի սադրիչ գործունեության կապակցությամբ», հայտնում է Haqqin.az-ը։

Դեսպանին տեղեկացրել են նաև, որ Իրանի դեսպանատան 4 աշխատակից պետք է լքի Ադրբեջանը 48 ժամվա ընթացքում։ Նրանք «անցանկալի անձ են» հայտարարվել «դիվանագիտական կարգավիճակին և Վիեննայի կոնվենցիային հակասող գործունեության համար»։

Վերջին օրերին Բաքվում ձերբակալություններ են եղել՝ «Իրանի օգտին լրտեսության մեղադրանքով»։ Իրանում Ադրբեջանի դեսպանատունը չի գործում՝ աշխատակիցներից մեկի սպանությունից հետո։

Իրանում դժգոհ են Ադրբեջանի հարաբերությունների սերտացումից Իսրայելի հետ, որի վերաբերյալ հայտարարություններ են հնչել իշխանության տարբեր ներկայացուցիչներից։ Իրանի խորհրդարանը դատապարտել է Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացումը։