Ավինյանը՝ Լիոնի քաղաքապետին․ Ժամանակին համատեղ Կոնդի վերակառուցման նախագիծ է մշակվել` կարող ենք նոր կյանք տալ

Ավինյանը՝ Լիոնի քաղաքապետին․ Ժամանակին համատեղ Կոնդի վերակառուցման նախագիծ է մշակվել` կարող ենք նոր կյանք տալ

PanARMENIAN.Net - Երևանն ու Լիոնը կընդլայնեն գործակցության ծրագրերը։ Այդ մասին ասվել է քաղաքապետարանում պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը։

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, առանձնացնելով 2 նախագծի իրականացում, հիշեցրել է, որ «Երևաննախագիծ» ընկերության և Լիոնի քաղաքապետարանի կողմից ժամանակին մշակվել է Կոնդի վերակառուցման նախագիծ:

«Այսօր մենք ունենք հնարավորություն՝ կյանք տալու այդ նախագծին և, պահպանելով պատմական թաղամասի կոլորիտը, վերակառուցել այն»,-ասել է Ավինյանը։

Որպես երկրորդ կարևոր նախագիծ նա նշել է երիտասարդների փոխանակման ծրագրերի իրականացումը։

Դուսեն, իր հերթին, նշել է, որ Լիոնն առանձնակի է կարևորում գործընկեր Երևանի հետ հարաբերությունների էլ ավելի ընդլայնումը, և համոզմունք հայտնել, որ այցը հնարավորություն կտա ուրվագծել ու սահմանել քայլերի այն հաջորդականությունը, որոնցով քաղաքներն առաջ կշարժվեն:

«Առողջ քաղաք, բարեկեցիկ կյանք և պատասխանատու տնտեսություն. սրանք են այն կարևոր մարտահրավերները, որ պետք է հաղթահարեն մեր քաղաքները: Ես համոզված եմ, որ համատեղելով մեր ջանքերը կկարողանանք կյանքի կոչել բոլոր այն ծրագրերը, որոնք նախանշում ենք Երևանի և Լիոնի գործակցության շրջանակում: Սա իմ առաջին այցն է Երևան, և ես երջանիկ եմ, որ կարողացել եմ ներգրավվել երկու քաղաքների կապերի էլ ավելի ամրապնդման ու զարգացման գործում»,- նշել է Գրեգորի Դուսեն:

Հանդիպման շրջանակում կողմերը մտքեր են փոխանակել նաև Երևանի և Լիոնի միջև ստորագրվելիք եռամյա ծրագրի մշակման վերաբերյալ:

Ընդլայնված կազմով հանդիպմանը մասնակցել են Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը, Երևանի փոխքաղաքապետներ Տիգրան Ավինյանը, Սուրեն Գրիգորյանը, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը և «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

Foto--https://www.yerevan.am/hy/news/erewann-ow-lione-kendlaynen-gortsakts-owt-yan-tsragrere-lioni-k-aghak-apet-gregori-dowsei-glkhavorat/

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---