23 ապրիլի 2009 - 22:54 AMT
Հայաստանում ռուսական կապիտալի ծավալները կարող են հասնել $5 միլիարդի
Ապրիլի 23-ին Ռուսաստանի Դաշնության նախագահի մերձմոսկովյան կեցավայրում տեղի է ունեցել աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ: ՀՀ նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո սա երկու երկրների նախագահների ընդհանուր թվով տասնհինգերորդ հանդիպումն է: Երկու երկրների նախագահները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ առկա ռազմավարական-դաշնակցային հարաբերությունների եւ քաղաքական երկխոսության ներկա բարձր մակարդակը, ինչի վառ վկայությունը երկու պետությունների միջեւ տարբեր ուղղություններով զարգացող համագործակցության լայն շրջանակն է: Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության նախագահները բարձր են գնահատել ռազմավարական գործընկեների միջեւ առեւտրատնտեսական կապերի զարգացման դինամիկան. չնայած գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի հարուցած դժվարություններին` 2008թ-ի տվյալներով Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առեւտրաշրջանառության ծավալները կազմել են 1 066 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ մեր տնտեսությունում Ռուսաստանի Դաշնության ներդրումների ընդհանուր ծավալը կազմում է շուրջ 2.5 միլիարդ դոլար:

Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանում այսօր հաջողությամբ գործում են ռուսական կապիտալով աշխատող 1250 ընկերություններ, եւ որ առեւտրա-տնտեսական փոխգործակցության ուղղությամբ նախագծվող նոր նախաձեռնությունների իրականացումը Հայաստանի տնտեսությունում ռուսական ներդրումների ծավալը կարող է հասցնել մինչեւ 5 միլիարդ ԱՄՆ դոլարի:

Նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Դմիտրի Մեդվեդեւն իրենց գոհունակությունն են հայտնել նաեւ հումանիտար բնագավառում լայն համագործակցության, երկու երկրների գիտակրթական եւ մշակութային հանրությունների միջեւ աճող դինամիկ շփումների կապակցությամբ: Հանդիպման ժամանակ ընդգծվել է, որ հումանիտար ոլորտում արդյունավետ համագործակցությունը, հագեցած միջոցառումները մեկ անգամ եւս խոսում են ինչպես մեր ժողովուրդների հոգեւոր ամուր կապերի, այնպես էլ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների խոստումնալից հեռանկարների մասին: Նախագահ Սարգսյանն ընդգծել է նաեւ Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության առաջին տիկինների բարձր հովանու ներքո առաջիկայում Երեւանում բեմադրվելիք Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետը, կարեւորել Ռուս-Հայկական Սլավոնական համալսարանի դերը եւ արձանագրել, որ Հայաստանի բոլոր միջնակարգ ուսումնական հաստատություններում ռուսերենի դասավանդումը համարվում է պարտադիր:

Նախագահներ Սարգսյանը եւ Մեդվեդեւը բարձր մակարդակով բանակցությունների ընթացքում անդրադարձել են նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին: Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի Դաշնության նախագահին ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի ուղղությամբ գործադրած ջանքերի եւ հստակ մոտեցման համար, որ հիմնախնդիրը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով` միջազգային իրավունքի բոլոր հիմնարար սկզբունքների համաձայն:

Նախագահներն ընդգծել են նաեւ երկու երկրների միջեւ ռազմաքաղաքական, ռազմատեխնիկական, ինչպես նաեւ էներգետիկայի եւ տրանսպորտի ոլորտում համագործակցությունը:

Բարձր մակարդակի հայ-ռուսական բանակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային եւ միջազգային օրակարգին վերաբերող հարցերին:

Պաշտոնական բանակցությունների ավարտից հետո նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Դմիտրի Մեդվեդեւը շփումները շարունակել են ոչ պաշտոնական մթնոլորտում:

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան կվերադառնա Երեւան: