23 ապրիլի 2009 - 23:22 AMT
Թուրքիայի տարածքում պահպանվել է հայ ճարտարապետական ժառանգության 75 տոկոսը
«Այն, որ Ախթամար կղզու (Թուրքիա) Սուրբ Խաչ եկեղեցու եւ Անիում Պարոնի պալատի վերականգնումը Թուրքիայի պետական ծրագրի համաձայն կատարվել է միջազգայնորեն ընդունված վերականգնողական նորմատիվների բազմաթիվ խախտումներով, վաղուց ճանաչված փաստ է: Սակայն, շատ ավելի ընդունելի է այս փաստը, քան հայկական ճարտարապետական հուշարձանների ոչնչացումն այժմյան Թուրքիայի տարածքում, ինչն եւս աղաղակող փաստ է»,-ասել է «Հայկական ճարատարապետությունն ուսումնասիրող» կազմակերպության ներկայացուցիչ Սամվել Կարապետյանը:

Նրա խոսքերով, Արեւմտյան Հայաստանի տարածքում բոլոր հայկական ճարտարապետական հուշարձանները սեփականաշնորհված են եւ նրանց տերերը կարող է տնօրինել դրանք ըստ իր հայեցողության, նույնիսկ քանդել այն: «Սուրբ Խաչի եկեղեցու վերականգնումից առաջ սեփականատերը ոչնչացրել էր Իլի գյուղում գտնվող 10-րդ դարի եկեղեցին, որը Ախթամարից 6 կմ հեռավորության վրա է գտնվում: Եվ սա միակ դեպքը չէ»,-հավաստիացրել է Կարապետյանը:

Ըստ Ս.Կարապետյանի, Թուրքիայի տարածքում պահպանվել է հայ ճարտարապետական ժառանգության 75 տոկոսը եւ 96 տոկոսը` քրդերով բնակեցված տարածքներում:

«Հաշվի առնելով Թուրքիայի մեղմ ասած անհարգալից քաղաքականությունը Հայաստանի հանդեպ նույնիսկ մշակութային ոլորտում, խելամիտ կլիներ, որ հայկական իշխանություններն առավել ակտիվ մասնակցություն ունենային Անիի վերականգնման աշխատանքներին», նշել է Ս.Կարապետյանը: Նա համոզված է, որ «ամենամեծ դավաճանությունն, որ կարող է կատարել հայը իր նախնիների հիշատակի եւ երկրի հանդեպ, կլինի Թուրքիայի տարածքային ամբողջականության ճանաչումը»: