Ճանապարհային քարտեզի մասին Հայաստանի եւ Թուրքիայի պայմանավորվածությունը ենթադրում է խնդիրների փաթեթային լուծում

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարների համատեղ հայտարարությունը ճանապարհային քարտեզի սահմանման առնչությամբ մի գործընթացի արդյունք է, որը երեկ չի սկսվել: Այն սկսվել է երկու տարի առաջ, եւ մենք այսօր վկաներն ենք այն բանի, որ Երեւանն ու Անկարան արդեն շատ լուրջ առաջխաղացումներ են ձեռքբերել երկկողմ հարաբերություններում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտարարել է Միջազգային հարաբերությունների եւ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի (TURKSAM) ղեկավար Սինան Օհանը : «Թուրքիան բազմիցս հայտարարել է, որ խնդիրներ չի ցանկանում հարեւան երկրների հետ, եւ ահա մենք տեսնում ենք Անկարայի նոր արտաքին քաղաքականության արդյունքը», - նշել է թուրք փորձագետը:



Օհանի կարծիքով, ճանապարհային քարտեզի մասին Երեւանի եւ Անկարայի պայմանավորվածությունը ենթադրում է հայ-թուրքական հարաբերություններում առկա խնդիրների համալիր, փաթեթային լուծում: «Այստեղ խոսքը վերաբերում է ոչ միայն հայ-թուրքական սահմանի բացմանը: Ինձ թվում է, որ ճանապարհային քարտեզի շուրջ պայմանավորվածությունն իր մեջ ներառում է երկկողմ հարաբերությունների օրակարգի մյուս խնդիրները, այդ թվում նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Դա բազմափուլ գործընթաց է», - նշել է TURKSAM-ի ղեկավարը:



Ինչպես նշել է Սինան Օհանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը շարունակում է մնալ հայ-թուրքական հարաբերությունների օրակարգում: «Ես կարծում եմ, որ ընթացիկ տարում Երեւանին, Անկարային եւ Բաքվին կհաջողվի լուրջ առաջխաղացումներ արձանագրել հայ-թուրքական հարաբերությունների եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում», - ընդգծել է թուրք փորձագետը:



2009 թվականի ապրիլի 22-ին Հայաստանը եւ Թուրքիան, Շվեյցարիայի միջնորդությամբ, ինտենսիվ աշխատանք են տարել, նպատակ ունենալով կարգավորել իրենց երկկողմ հարաբերությունները եւ զարգացնել դրանք փոխադարձ հարգանքի ու բարիդրացիության ոգով` այսպիսով խթանելով խաղաղությունը, կայունությունը եւ անվտանգությունը ողջ տարածաշրջանում: Այդ մասին ասվում է Հայաստանի Հանրապետության, Թուրքիայի Հանրապետության արտգործնախարարությունների եւ Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի համատեղ հայտարարության մեջ:



Այդ գործընթացում երկու կողմերը ձեռք են բերել շոշափելի առաջընթաց եւ փոխըմբռնում: Նրանք համաձայնության են հանգել իրենց երկկողմ հարաբերությունների կարգավորման համապարփակ շրջանակի շուրջ երկու կողմերին գոհացնող կերպով: Այս համատեքստում սահմանվել է ճանապարհային քարտեզ: Այս համաձայնեցված հիմքերը դրական հեռանկար են ստեղծում գործընթացի շարունակման համար, հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---