ՌԴ շուկա հայկական կաթնամթերքի արտահանման խնդիրը կկարգավորվի փուլերով

ՌԴ շուկա հայկական կաթնամթերքի արտահանման խնդիրը կկարգավորվի փուլերով

PanARMENIAN.Net - Ռուսական շուկա հայկական կաթնամթերքի արտահանման խնդիրը կկարգավորվի փուլային տարբերակով, հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։

Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության («Ռոսսելխոզնադզոր») ապրիլի 5-ից Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի արտահանման արգելք է սահմանել։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ԱԺ-ում, անդրադառնալով կաթնամթերքի արտահանման արգելքին, ասել էր, որ «Ռոսսելխոզնադզորի» որոշումը հակասում է ԵԱՏՄ առևտրի կանոններին և որ հայկական կողմն այդ հարցը քննարկում է ռուս գործընկերների հետ:

Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի մատակարարումը դադարեցնելուց հետո սկսված բանակցությունները՝ ուղղված սահմանափակման վերացմանը, ապրիլի 17-ին շարունակվել են Մոսկվայում:

Ռոսսելխոզնադզորի ղեկավար Սերգեյ Դանկվերտը և ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանը քննարկել են կողմերին հուզող խնդիրները՝ կապված Ռուսաստանում շրջանառության թույլտվություն չունեցող իրանական հումքից պատրաստված կաթնամթերքի արտահանման հետ։ Կողմերը երկուստեք դրսևորել են կառուցողական մոտեցում և պայմանավորվել խնդիրը կարգավորել փուլ առ փուլ։

«Ըստ այդմ՝ Հայաստանի կաթնամթերք արտադրող ու արտահանող կազմակերպություններին, որոնք աշխատում են միայն տեղական և ՌԴ-ում թույլատրված հումքով, առաջարկում ենք դիմել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին՝ իրենց ընկերություններում ուսումնասիրություններ և վերահսկողություն իրականացնելու համար: Այն կազմակերպությունները, որոնք կբավարարեն սահմանված պահանջները, կներկայացվեն Ռոսսելխոզնադզորի դիտարկմանը»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ այս գործընթացը հնարավորություն կտա որոշակի ժամանակահատվածում ամբողջությամբ վերականգնել դեպի ռուսական շուկա հայկական կաթնամթերքի արտահանման նախկին ծավալները:

Ռուսական «Ռոսսելխոզնադզորը» հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշվում էր, որ Ռուսաստանը կքննարկի Հայաստանից կաթնամթերքի մատակարարումները սահմանափակելու հարցը, քանի որ Հայաստանից գնացող կաթնային արտադրանքում որոշակի խախտումներ են հայտնաբերվել։ Նշվում է, որ, ըստ հայկական կողմից ստացված տեղեկատվության, ՀՀ կաթնամթերքի վերամշակման ձեռնարկություններն Իրանում արտադրված հումք են օգտագործում, որի մասով «Ռոսսելխոզնադզորը» սահմանափակող միջոցներ է կիրառում։ ՍԱՏՄ-ն իր հերթին նշել էր, որ մտահոգությունը վերաբերում է բացառապես Իրանից հումքի ներմուծման, Հայաստանում դրա օգտագործման և Ռուսաստան արտահանման շղթային։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---